ԿարևորՔաղաքական

Հայաստանում կլինի՞ սոցիալական բունտ, թե՞ ոչ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում կլինի սոցիալական բունտ, թե ոչ: Արդյոք ՀՀՇ-ն իսկապես վերածնունդ կապրի: Քաղաքական ինչպիսի հետագա ծրագրեր ունի Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ կուսակցությունը: Այսօր այս եւ քաղաքական այլ հարցերի շուրջ լրագրողնեևրի հետ հանդիպումների ժամանակ իրենց դիտարկումներն են փոխանցել քաղաքագետ Մանվել Սարգսյանը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

ԱԺ ատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոստովանում է, որ քաղաքական դաշտում խառնաշփոթ է առաջացել նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿԿ-ի, ՀԱԿ խմբակցության պատճառով, քանի որ նույնիսկ լրագրողներն են շփոթում, թե սրանցից որին ով է անդամակցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ասաց, որ իրենք համագործակցում են և պատրաստ են շարունակել համագործակցել թե ՀԱԿ կուսակցության, թե ՀԱԿ դաշինք մտած մյուս կուսակցությունների հետ: Իսկ նորաստեղծ ՀՀՇ-ի հետ համագործակցության մասին դեռ չեն մտածում` «թող ստեղծվի, նոր կմտածեն»:

Հնարավոր է, որ ՀԺԿ-ն ընդգրկվի ՀԱԿ դաշինքի կազմում. կուսակցության ղեկավարը պատասխանեց, որ ֆորմալ առումով ՀԺԿ-ն ՀԱԿ դաշինքի կազմում է: Իսկ ՀԱԿ դաշինքը պահպանել ցանկացող մյուս կուսակցությունների հետ նույն դաշինքում մնալու, նոր ձևաչափեր և դաշինքներ ստեղծելու հարցերը Ստեփան Դեմիրճյանը դեռ հետագային է թողնում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ ուժի հետ ՀԺԿ-ն պատրաստ կլինի ավելի խորը համագործակցության, երբ ԲՀԿ-ը կլինի իրական ընդդիմություն: Իսկ առայժմ Գագիկ Ծառուկյանն այդ մասին ոչ միայն հստակ չի հայտարարում, այլ ավելին` ասում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող: Այս ամենով հանդերձ` Ստեփան Դեմիրճյանն արձանագրում է փաստը` ընդդիմադիր դաշտում գործակցությունը չկայացավ, եւ վերջ: Իսկ ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը տարբեր ուժերի ներկայությանը Դեմիրճյանն ամենեւին էլ համերաշխություն անունը չի տալիս:

Ինչ քաղաքական ներկապնակ ունենք այսօր: Որ դիրքերում է ԲՀԿ-ն, եւ ուր է գնում ՀԱԿ-ը: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը դեռ կարող են միասնական ջանքերով ինչ-որ բանի հասնել, եթե, իհարկե, կարողանան կենտրոնանալ իրենց անելիքների վրա եւ վերջապես պարզեն, թե ինչ են ուզում: Այնինչ հայաստանյան իրականության մեջ ստացվում է այնպես, որ ընդդիմադիր կուսակցությունները միշտ մասնակցում են, գալիս են նույն արդյունքին, բողոքարկում են, սակայն անարդյունք: ՀՀՇ-ի իրական վերածննդին հավատալ Սարգսյանը դժվարանում է, սակայն կարծում, որ եթե ստացվի, դրական և հետաքրքիր կլինի: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը վստահ է` ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսին էլ կուսակցական համակարգն է:

«Այնպես չէ, որ մեր հասարակությունը կատարյալ է: Դրա համա էլ մոռացեք` Հայաստանում սոցիալական բունտ չի լինելու»,-հայտարարեց Արմեն Բադալյանը: Ըստ նրա` մարդիկ չեն ծնվել անընդհատ պայքարելու համար եւ չեն էլ կարող անվերջ պայքարել: Այս պայմաններում էլ Հայաստանում «դե յուրե» և «դե ֆակտո» իշխանություն է միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Համապետական իշխանափոխություն սեփական ուժերով չես կարող անել, ԽՍՀՄ նախկին երկրներից միայն չորսում է հեղափոխություն եղել, եւ բոլոր դեպքերում էլ Արեւմուտքի կամ Ռուսաստանի օգնությամբ. նկատեց Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը:

Back to top button