ԿարևորՀասարակություն

Ինչ հանգուցալուծում կստանա Ծառուկյանի գործը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հրապարակել է տեսանյութ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը շուրջ 30 միլիարդ դրամի վնաս պատճառելու գործի վերաբերյալ, որն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Երեկ ողջ օրվա ընթացքում հանրության ուշադրությունն ուղղված էր  ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվող  զարգացումներին ։ Վաղ  առավոտյան ԱԱԾ-ն նախ խուզարկություն անցկացրեց Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը,  ավելի ուշ նա հրավիրվեց ԱԱԾ։

Գագիկ Ծառուկյանի  հարցաքննությունը տևեց ավելի քան 9 ժամ։ Այդ ընթացքում ԱԱԾ շենքի մոտ ԲՀԿ ղեկավարի աջակիցներն էին, որոնց  ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում էր պարետատան որոշումները չխախտելու մասին, նրանց մի մասը բերման ենթարկվեց։ Այսօր ոստիկանությունը պարզաբանել է, որ ԱԱԾ շենքի մոտ  երեկվա հավաքի 252 մասնակցի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։  

Երեկ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։ Խուզարկությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ ԱԱԾ-ն այսօր տեսագրություն է տարածել։  

Խոսքը հարուցված երեք քրեական գործի մասին է։ Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։ Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին, իսկ ԱԱԾ-ում հարուցված երրորդ քրեական գործն այն մասին է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Առինջ համայնքում տեղի ունեցած այս ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։

Հենց այս գործերի շրջանակներում կատարված խուզարկությունից հետո  ԱԱԾ-ում հարցաքննվեց ԲՀԿ ղեկավարը։ Շուրջ 9 ժամ տեւած հարցաքննությունից հետո, ԱԱԾ շենքից դուրս գալով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանրամասներ չներկայացրեց,  հայտարարեց միայն, որ  ամբողջ գործընթացը համարում է քաղաքական։

Քաղաքական երանգ տալը փորձ է սակարկումների գնալու, ինչը եղավ Սերժ Սարգսյանի օրոք՝ այս կարծիքն է այսօր հայտնել խորհրդարանի փոխխոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հարցերին պատասխանելով արձագանքելով նաեւ Ծառուկյանի եւ նրա շրջապատից հնչող գնահատականներին։

«Պրոցեսը, որը տեղի է ունենում այսօր, լիովին իրավական է, և փորձել այս պրոցեսին քաղաքական երանգ տալը հաջողություն չի ունենալու: Այս պրոցեսն, ինչպես տեսնում եք, և մինչ օրս եղած դեպքերը նաև վկայում են, զուտ իրավական պրոցես է, և քրեական գործն ու քրեական գործի մանրամասները, որի մասին խոսում են այսօր, եղել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանի հայտարարությունն առ այն, որ անվանենք այն քաղաքական քննադատությունը, որը տեղի ունեցավ, և որն այսօր փորձում են կապել: Կրկնում եմ` դա եղել է շատ ավելի վաղ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ՖԲ էջում գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու քաղաքական որոշում կա եւ դատախազը գալու է ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Հայտարարությանն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։ Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում՝ գրել է նա ՖԲ-ն իր էջում, ապա շարունակել.

«Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբավարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը»,- գրել է Գոռ Աբրահամյանը:

Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին՝ իր գրառումը եզրափակել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Back to top button