Լիբանանի փողոցներում երեկ տեղի ունեցած հակահայկական բողոքի գործողությունը «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը դիտարկում է միջինարևելյան տարածաշրջանում և մասնավորապես Լիբանանում թուրքական գործոնի աշխուժացմամբ։
Հունիսի 11-ին լիբանանցի ներկայացած անձը whatsapp-ի միջոցով սպառնալիքներ է ուղղել «Ալ Ջադիդ» հեռուստակայանի հայազգի հայտնի լրագրող Նշան Տեր֊-Հարությունյանի հասցեին՝ վերջինիս անվանելով՝ գաղթական և օտար։
Նշանը հակադարձել է՝ պատասխանելով․ «Էրդողանը, Թուրքիան և օսմանները նենգ են»։ Նշանի հեռուստատեսային հաղորդումից հետո, ագրեսիվ տրամադրված տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոց և սպառնալիքներ հնչեցրել հայերի հասցեին։
Շահան Գանդահարյանը «Ռադիոլուրի» հյուրասրահում տեղեկացրեց, որ հայկական համայնքը իրավապահ մարմիններին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին։ Այժմ ոչ միայն տեղի հայերից, այլև լիբանանցիներից կազմված փաստաբանական խումբ է աշխատում․ տեղի ունեցածին կտրվի իրավական ընթացք՝ ատելություն սերմանող հռետորաբանություն օգտագործելու միջհամայնքային թշնամանք սերմանելու հիմքով։
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը փաստում է՝ ստեղծվել է նոր իրավիճակ, Անկարան Լիբանանում իր ազդեցության ուժեղացման տեսանկյունից որոշակի ճանապարհ է անցել՝ հեռահար նպատակ ունենալով երկրում դառնալ լուրջ քաղաքական գործոն։
«Դավադրական, սադրիչ քայլերի կրկնություն թույլ չտալու համար լիբանանահայ քաղաքական միտքը լուրջ անելիք ունի»,-ասում է նա։