ԿարևորՀասարակություն

Հայաստանին պետք է ոչ թե վիրտուալ, այլ իրական ազգային ավիափոխադրող

Հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը հայկական  մի քանի ավիաընկերություններ ներառել է «սև ցուցակում»։ Սա որոշակի խնդիրներ է առաջացնում և քայլեր  ենթադրում՝ մոտավոր հաշվարկով 2 տարվա կտրվածքով, բայց նաև  չի խանգարում իշխանություններին խոսել ազգային նոր փոխադրողի մասին։

Խոսքը ոչ թե վիրտուալ կամ ձևական, այլ իրական միավորի մասին է՝ խորհրդարանում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Ըստ Սուրեն Պապիկյանի՝ տեղական ավիացիան 1–2 օրում չի ձևավորում, բայց իշխանությունն այս հարցում հետևողական է լինելու։ Նախարարի կարծիքով՝ 2 տարին բավարար ժամանակահատված է կոնկրետ քայլեր անելու համար։  

ԵՄ թռիչքների անվտանգության «սև ցուցակում» Հայաստանի հայտնվելու գործով այս պահին աշխատանքներ չեն տարվում մեղավորներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար։  «Սև ցուցակում» 1–2 օրում չեն հայտնում, դա անգամ 2019–ի աշխատանքի «արգասիքը» չէ՝ պարզաբանում է ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավար՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։   

«Իհարկե, մեղավորներ փնտրել միշտ էլ կարելի է՝ գնալ հասնել մինչև 90–ական  թվականներ, 2000–ական թվականներ։ Բայց այստեղ խնդիրը  առկան գիտակցելն է, տեսնելը, թե ինչ իրավիճակում ենք։ Նաև առաջարկներ ներկայացնել, թե ինչպես ենք պատկերացնում ավիացիայի զարգացումը։ Հիմա ավիացիոն պետական կոմիտեն արդեն իսկ աշխատանքային որոշ փաթեթ ունի, որը ուրվագծում է, թե ինչ քայլերով պետք է առաջ գնանք ու հաղթահարենք այս խոչընդոտը»,- ասաց Պապիկյանը։  

Մի կողմից ունենք  իրավիճակ, երբ նախարարի նշած խոչընդոտը փաստացի արգելում է Հայաստանում գրանցված ընկերություններին թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում։ Մյուս կողմից` որպես ոլորտի ձեռքբերում է նշվում այն, որ Հայաստանին հաջողվել է անցյալ տարի ցածր՝ բյուջետային ավիափոխադրողին՝ «ՌայնԷյր»–ին բերել Հայաստան։  Ոչ միայն «սև ցուցակի», այլև՝ «ՌայնԷյր»–ի հետ կապված վտանգներ են  տեսնում «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունում։  Կանխատեսումները ներկայացնում է Գևորգ Գորգիսյանը։

 «Սև ցուցակում հայտնվելուց հետո նախ՝ լիզինգային ընկերությունները, որոնք տրամադրում են ինքնաթիռներ, հնարավոր է Հայաստան թռչելու համար այլևս չտրամադրեն ինքնաթիռներ, որովհետև Հայաստանում ի վիճակի չեն ստուգել դրանց անվտանգությունը, այսինքն՝  հետագայում բացվող ընկերություններն արդեն ունեն խնդիր, քանի դեռ մենք գտնվում ենք «սև ցուցակում»։ Սրանով ուժեղանալու են այլ ավիաընկերությունները, որոնց դեպքում միգուցե մոնոպոլ դիրք դառնա, և դրա արդյունքում բարձրանալու են գները։ Ինչ վերաբերում է «լոուքոսթերներ»–ին, մենք գիտենք՝ նրանք թռնում են այն պարագայում, երբ դա իրենց ձեռք է տալիս։ Վերջին դեպքերին մենք տեսանք՝ այն պարագայում, երբ իրենք պետք է ինչ-որ  թռիչքներ անեին ինքնարժեքից ցածրով, նրանք դա չարեցին։ Այնինչ՝ հիմնական գործընկերները, որոնք թռնում են Հայաստան, նրանք ձմեռային սեզոնին թռնում են վնասով, բայց թռնում են, որովհետև շուկան չեն ուզում կորցնել։ Նման մոտեցումների պարագայում մենք նրանց հետ կարող ենք խնդիրներ ունենալ»,-նշեց Գորգիսյանը։

Անգամ այս պայմաններում Հայաստանի իշխանությունը չի դադարում խոսել տեղական փոխադրող և սեփական ավիացիա ունենալու ծրագրերի մասին։ Սուրեն Պապիկյանն ասում է, որ ինքն անձամբ այդ ծրագրերի ջատագովն է և հետևողական աշխատելու է առաջիկայում այդ ծրագրերն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ։    

 «Բայց խոսքը վերաբերում է ՀՀ իրական ավիափոխադրողների մասին՝ ոչ վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված ու ինչ–որ արհեստական ձևավորված միավորների մասին։ Ես խոսում եմ իրական միավորների մասին և մենք դրանում հետևողական ենք լինելու։ Տեղական ավիացիա ձևավորելը 1–2 օրում չի լինում։ Այսինքն՝ եթե պատրաստակամությունը լինի՝ պետական նախաձեռնողականությանը զուգընթաց, բնականաբար, 2 տարին բավարար ժամանակամիջոց է, որ կարողանանք ստեղծել այդ ենթակառուցվածքը, իսկ 2 տարում մենք, կարծում եմ, առկա խոչընդոտը հաղթահարած կլինենք»,- ասաց Պապիկյանը։

Ենթակառուցվածքներ ստեղծելու առումով կանխատեսումներ կան, որ Հայաստանը խնդիրներ կարող է ունենալ ոչ միան օդում, այլև՝ ցամաքում։ Խոսքը ճանապարհաշինության և միջհամայնքային տրանսպորտային ցանցի ստեղծման մեծ ծրագրերի մասին է։ Կառավարությունում չեն կարծում, որ COVID-19 կխափանի այդ ծրագրերը։  2020–ի համար նախատեսված էր վերանորոգել ավելի քան 500 կմ ճանապարհ։ Համաճարակային վիճակը չի կասեցնելու ճանապարհաշինության տեմպերը, աշխատանքները այս պահին էլ շարունակվում են։ Խնդիրներ կան Հյուսիս–Հարավ մայրուղու շինարարությունում․  մի հատվածի կապալառուն չինական ընկերություն է, որի աշխատողները դեռ Չինաստանում են, մյուսը  իսպանական «Կորսան» ընկերության պատասխանատվության տակ գտնվող հատվածն է։ Այստեղ գործը միջազգային արբիտրաժում է, դատական գործընթացը չի ավարտվել։ Մյուս հատվածներում  ծրագրված աշխատանքներն  ընթանում  են։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ՝ տարեվերջին կգործարկվի փորձնական տրանսպորտային հանգույցներից մեկը․

 «Մենք առաջիկայում ունենալու ենք մարզային մեկ լոտով մրցույթներ, փաթեթը իրականում պատրաստ է, ընթացիկ իրադարձությունները մի փոքր առկախվեցին։ Այնուամենայնիվ, մինչև տարեվերջ մենք կունենանք այդ նախադեպը որևէ մարզում։ Դրան զուգահեռ ունենալու ենք նաև նախադեպ՝ առավել շատ միավորված համայնքներ ունեցող մարզում փորձարկել նաև երկրորդ մոդելը։ Այն է՝ պետական աջակցությամբ համայնքներին տրամադրել տրանսպորտային միջոցներ, որոնք կիրականացնեն փոխադրումներ»,- նշեց նախարարը։

Գործող իշխանության խոստումներից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն էր։ Այն դեռ պատրաստ չէ, քանի որ կա մի քանի խոչընդոտ։ Նախ՝ համավարակի պատճառով է դանդաղում աշխատանքները։ Չնախատեսված խնդիրներից է նաև ջրահեռացումը։ Շինարարության ընթացքում պարզվել է, որ ջրային հոսքը, համեմատության համար նշվում է փոքր գետի ծավալ, խանգարում է այդ աշխատանքներին և այժմ պետք է լուծվի նաև այդ խնդիրը։ Ամեն դեպքում նոր կայարանի խոստումը իրականություն դառնալու է, խոստանում է կառավարությունը։

Կարդացեք նաև

Back to top button