
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ետնաբակում օրերս մեկնարկել են բացօթյա բեմի նախապատրաստման աշխատանքները:
Զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց՝ հրաշալի է, որ թատրոնն ունի գեղեցիկ ետնաբակ և բացօթյա ներկայացումներ բեմադրելու եզակի հնարավորություն:
«Նախ և առաջ այստեղ 20-30 թատերասերի դատին ենք հանձնելու ռեժիսոր Արամ Մխիթարյանի բեմադրությամբ մանկական ներկայացումներ: Հետագայում հնարավոր է դեկորները փոխել և երեկոյան ներկայացումներ խաղալ մեծահասակների համար:
Ավաղ, հստակ չենք կարող ասել, թե երբ են լինելու ներկայացումները, քանի որ դա կախված է երկրում տիրող իրավիճակից»,-տեղեկացրեց Փելեշյանը: Նա հիշեցրեց, որ շուտով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում խաղալու են Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը:




