
2019-ը հաջող տարի էր թե տնտեսության, թե ֆինանսական համակարգի զարգացման առումով, անցյալ տարված ֆինանսական համակարգի հաշվետվությունը ներկայացնելով ասել է Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Այս տարվա համավարակը համակարգի առաջ նոր մարտահրավերներ է նետել։ Ամեն ինչն արվել է, որպեսզի տնային տնտեսությունները ֆինանսական դժվարություններ չունենան պարտքերի սպասարկման առումով` շեշտել են ազգային դրամատան ներկայացուցիչները։
Հիփոթեքային վարկերի եւ տնային տնտեսություններին տրամադրված այլ տեսակի վարկավորման ծավալների զգալի աճ է արձանագրվել նախորդ տարի, ասում է Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ու վստահեցնում՝ ֆինանսական համակարգում բանկերն ի վիճակի են դիմակայել շոկերին, ինչի համար հիմք է կապիտալի աճը, բացատրում է․
«Մոնիտորինգ է իրականացվել, հետեւել են վարկերի վարքագծին։ Եվ պատրաստ են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վարկային բեռ, պարտքի բեռ զարգացումները ռիսկեր չստեղծեն տնային տնտեսությունների ու վարկային կազմակերպությունների համար։ Հիմնական փոփոխությունները, որ դիտարկվում են այս պահին, պարտքի բեռի կտրուկ սահմանափակումն է, որպեսզի տնային տնտեսությունները չունենան ֆինանսական դժվարություններ պարտքերի սպասարկման առումով»,- ասում է Անդրանիկ Գրիգորյանը։
Այս տարվա համաճարակի առկայության պայմաններում տնտեսական ակտիվության դանդաղում է գրանցվել։ Սակայն ֆինանսական համակարգի բարձր իրացվելիության շնորհիվ՝ բանկերը ճկուն են գտնվել համաճարակի պայմաններում։

Արդյունքում`3 ամիս հնարավորություն է տրվել վարկային պարտավորությունների վերանայման համար եւ այս գործընթացը դեռ շարունակվում է։
«Որեւէ մեկի վարկային պատմության վատթարացում չպետք է լինի». այս սկզբունքով են առաջնորդվել բանկերը, ընդգծում է ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
«Շուրջ 540 հազար ֆիզիկական եւ մոտ շուրջ 17 հազար իրավաբանական անձի տրամադրված վարկի էական վերանայումներ են եղել։ Երեք ամիս քաղաքացիներն ունեցել են հնարավորություն չմարել իրենց վարկային պարտավորությունները, որպեսզի կարողանան ընթացիկ սպառումն իրականացնել այնպես, ինչպես կիրականացնեին այլ պայմաններում։ Վարկային պարտավորությունների վերանայման գործընթացը դեռ շարունակվում է»,- նշում է Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը։
Համաճարակի այս օրերին բանկերը աշխատել ու աշխատում են նվազագույնի հասցնել հաճախորդի՝ բանկ այցերը։ Հիմնականում հորդորում են օնլայն ծառայություններից օգտվել՝ նվազագույնի հասցնելով վարակի տարածման հավանականությունը։




