ԿարևորՀասարակություն

Քաղաքական մեծամասնության «ձեռքը» հասավ ոստիկաններին

Բաղրամյան, Մաշտոց  պողոտաներ, Սարի Թաղ, Գրիգոր Լուսավորիչ–Պռոշյան փողոցներ, Էրեբունի․ Երևանում կան բազմաթիվ փողոցներ, բայց թվարկածս այն փողոցների մի մասի անուններն են, որտեղ տարբեր տարիներին ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ ցուցարաների հանդեպ։ Ասել է թե քաղաքացիների անվտանգության համար պատասխանոտւ կառույցը կյանքի և առողջության վտանգ է ստեղծել հենց իր կողմից պաշտպանյալների համար։

Հեղափոխությունից հետո քաղաքացիների բողոքները ոստիկանության աշխատանքից և գործելաոճց շարունակվում են։ Առաջիկա 3 տարում կառույցը պետք է փոխվի հիմնովին և փոփոխությունները չեն վերաբերում միայն արտաքին՝ կոսմետիկ փոփոխություններից։ Առաջին ընթերցմամբ այսօր խորհրդարանում քննարկվել է նախագիծ, որը փոխելու է ամբողջ ոստիկանության կառուցվածքը և էությունը։   

Մահակներ, ջրցան մեքենաներ, փշալարեր, լուսարձակող և ձայնային նռնակներ, «Չերյոմուխա» հատուկ միջոց ․․․Ոստիկանության ոչ ամբողջական զինանոցի թվարկումն է, որը պարբերաբար՝ տարբեր տարիներին կիրառվել են ՀՀ քաղաքացիների հանդեպ։

«Հեղափոխությունից հետո ամենակարևոր ռեֆորմներից մեկը։ Ունենալու ենք ոստիկան, որի առաքելությունը լինելու է հանրային անվտանգություն երաշխավորելը, Հայաստանում մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելը և ոչ թե՝ հանրության հետ կոնֆրոնտացիայի գնալը»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ոստիկանությունում պետք են բարեփոխումները և այդ բարեփոխումները պետք է իրականացվեն օր առաջ»,- նշեց «Իմ քայլից»  պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

 «Մեզ անհրաժեշտ են որակական փոփոխություններ։ Եթե մենք թողնենք նույն ոստիկանին, անվանումները փոփոխենք՝ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա»,- հավելեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

 «Ըստ էության բոլոր ռեֆորմները կրթական ու մշակութային են»,- նշեց «Իմ քայլից» պատգամավոր Սոս Ավետիսյանը։

Հասարակություն– ոստիկանություն փոխհարաբերությունը առաջիկայում պետք է փոխվի՝ որոշել է քաղաքական մեծամասնությունը։ Այդ նպատակով խորհրդարանում լրացվում և փոփոխվում է «Ոստիկանության մասին» օրնեքը։ Աշխատանքները կարելի է հիմնարար համարել՝ որոշ կառույցներ կվերանան՝ ինչպես օրինակ Ճանապարհային ոստիկանությունը՝ ГАИ–ն կամ պարեկապահակային ծառայությունը, որոշները նոր կստեղծվեն, ասենք՝ Պարեկային ծառայությունը։

Այն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն։

Այնպես է լինելու, որ հարևան պետությանը՝ Վրաստանին չնախանձենք այս հարցում, ասում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․

«Հիշո՞ւմ եք, մենք ունեցել ենք «հրեշտակների» ոստիկանություն։ «Հրեշտակները» այդպես էլ հրեշտակ չդարձան, որովհետև ինտելեկտուալ ներուժը բացակայում էր այդ համակարգից։ Այս ռեֆորմը տալիս է այդ հնարավորությունը, որպեսզի ունենանք նորովի ոստիկանություն, որը իր տեսքով, որակով, ինտելեկտով կտարբերվի մինչև այդ եղած այդ համակարգի մոտեցումներից»,- ասաց Քոչարյանը։   

Ուժային կառույցի որակական և իմիջային փոփոխությունները ներկայացնելու համար կառավարության անունից ընտրվել է կին գործիչ՝ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է պատգամավորներին և հանրությանը պատմում, թե ինչպիսին պետք է լինի ապագայի ոստիկանը։ Իսկ այդ ապագան շատ հեռավոր չէ։ Զարգացման և փոփոխությունների ծրագիրը առաջիկա 3 տարվա համար են՝ այս տարվանից սկսած մինչև 2022–ը։ Փոփոխություններն սկսվում են Երևանից, հետո կտարածվեն մարզերում։  

«Երևան քաղաքում Պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակը, ամբողջ հանրապետությունով ամբողջական ներդրումը 2022–ի առաջին եռամսյակը։ Ծառայության նեդրումը՝ ամենակարևոր նպատակը ոստիկանության նկատմամբ վերաբերմունքի և ծառայության նկատմամբ գրավչության փոփոխությունն է»,- ասաց Արդարադատության փոխնախարարը։

Վրաստանի «բրենդներից» մեկը համարվում է հենց պարեկային ոստիկանությունը, որը երկրի մասին կարծիք ձևավորելու գլխավոր գործոններից մեկն է դարձել։ Մեզ մոտ ձգտում են իրականացնել հենց այդպիսի բարեփոխում։ Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքը սահմանվել է 35 տարեկանը՝ նախկին 30–ի փոխարեն, ընդունվելու համար հանվել է կրթական ցենզը, այսինքն՝ միջնակարգ կրթությամբ ցանկացած անձ կարող է դիմել պարեկային ոստիկան դառնալու համար, բայց հետագայում հատուկ կրթություն է նախատեսված այդ ոստիկանների համար։  Անելու են այնպես, որ ոստիկանությունում ծառայելը երիտասարդների համար գայթակղիչ լինի։

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը դեմ չեն բարձր որակի ոստիկանություն ունենալուն։ Միակ տարակուսանքը կապված է ընտրված ժամանակի հետ։ Հենց այդ հարցերն են ուղղում մեծամասնության ներկայացուցիչներին։

«16 միլիարդ 326 միլիոն դրամ, որից 8.4 միլիարդ դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։ Այն պարագայում, որ այսօր մեր երկրի քաղաքացիները սոցիալական բազում դժվարություններ են կրում, շատ ոլորտներ կան, որ կանգնած են անդունդի եզրին և այս մարդկանց օգնության կարիք կա»,- նշեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

 «Հենց հիմա պետք է արվի այդ փոփոխությունը, որովհետև համավարակը ցույց տվեց, որ հենց ամենամեծ ռեֆորմի կարիք ունի ոստիկանությունը։ Չեմ ուզում մանրամասների մեջ շատ խորանալ, նաև չեմ ուզում անդրադառնալ վերջին դեպքերին Մարտունիի հետ կապված և այլն»»,- ասաց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Քաղաքացու անվտանգության վրա իմ խորին համոզմամբ խնայել չի կարելի։ Տարիներ շարունակ ոստիկանությունը, ցավոք, օգտագործվել է որպես գործիք քաղաքացիներին բռնաճնշելու հարցում»,- հավելեց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Արդարադատության փոխնախարարը հավաստիացնում է՝ ոստիկանական հին կառույցների փոխարեն նորերի ստեղծումով հակառակը՝ խնայողություն է արվելու։ Նա ներկայացրեց համեմատական հաշվարկ, թե ինչ աշխատավարձային և պարգևատրման ֆոնդեր են ունեցել ՃՈ–ն և ՊՊԾ–ն իրար հետ և ինչ ծախսեր են նախատեսվում  նոր կառույցի համար։

Կարդացեք նաև

Back to top button