
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը՝ նկատելով, որ Ադրբեջանը խախտել է Մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով Հունգարիայում դասընթացների ընթացքում հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին:
Դատարանը գտնում է, որ չնայած որ Ադրբեջանը հստակ սատարել է Ռամիլ Սաֆարովի գործողությունները՝ ոչ միայն նրան ազատ արձակելով, այլև խրախուսելով, աշխատավարձի պարտքերը վճարելով և վերադառնալիս նրան բնակարան նվիրելով, այնուամենայնիվ երկիրը չի կարող պատասխանատվություն կրել միջազգային իրավունքի խիստ չափանիշներով, որոնք պետությունից պահանջում են «ճանաչել» այդպիսի գործողությունները «որպես իր սեփականը»:
Ավելին, ըստ վճռի՝ այդ գործողությունները եղել են մասնավոր որոշման մաս և եղել են այնքան բռնի և հեռու զինվորի պաշտոնական կարգավիճակից, որ դատարանը չի կարող ենթադրել, թե ինչպես կարող էին նրա հրամանատարները կանխատեսել դրանք, կամ ինչպես կարող էր Ադրբեջանը պատասխանատու լինել դրանց համար միայն այն պատճառով, որ նա պետական ծառայող էր:
Այնուամենայնիվ, դատարանը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկիրառելու և նրան գործնականում ատելության հիման վրա կատարած լուրջ հանցագործության համար չպատժելու համար որևէ հիմնավորում չի եղել:
Ավելին, դիմումատուները ներկայացրել են բավարար ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Սաֆարովի ներումը և նրա օգտին այլ միջոցները պայմանավորված են եղել էթնիկ պատճառներով:
Դատարանը հատկապես մատնանշում է Ադրբեջանցի պաշտոնյաների՝ Ռամիլ Սաֆարովին հայրենասեր և հերոս անվանող հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում նրան նվիրված հատուկ էջը:
Դատարանը դատապարտում է այն հանգամանքը, որ հայտարարությունների մեծամասնությունը հատուկ աջակցություն է հայտնել այն փաստին, որ Սաֆարովի ոճրագործություններն ուղղված են եղել հայ զինվորների դեմ և համարում է, որ միայն հենց կայքի գոյությունն է հուշում, որ նրան ներում են շնորհվել իր ոճրի էթնիկական բնույթի պատճառով:
Դատարանը միաձայն վճռել է, որ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ ծախսերի փոխհատուցման համար:
Հայցվորները երկու հայ քաղաքացիներ են ՝ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը: Վերջինս արդեն մահացել է, և դատական գործընթացին հետևում է հայցվորի այրին:
2004 թ.-ին Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանի եղբորորդին` Գուրգեն Մարգարյանը, որպես հայկական զինված ուժերի սպա, մասնակցել է Բուդապեշտում անցկացվող անգլերենի դասընթացին, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:
Ադրբեջանցի զինծառայողներից Ռամիլ Սաֆարովը, որը նույնպես մասնակցում էր դասընթացներին, քնած ժամանակ կացնահարել էր Մարգարյանին: Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Հայկ Մակուչյանի սենյակ, սակայն նրա գործողությունները կանխվել էին Հունգարիայի ոստիկանության կողմից:




