Հակառակ պատերազմին՝ Սիրիայում դեռ 35- 40 հազար հայ է ապրում
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Չնայած Սիրիայում շարունակվում է ներքաղաքական պատերազմը, այնուամենայնիվ այնտեղ դեռևս, արաբագետ Սարգիս Գրիգորյանի տվյալներով, ապրում է 35-ից 40 հազար հայ:
Ըստ նրա` հայ համայնքը ստեղծված իրավիճակում հիմնականում չեզոք դիրքերում է:
Մայիսի 4-ին և 5-ին իսրայելական օդուժի կողմից ռմբակոծվեցին Սիրիայի տարածքում գտնվող գիտահետազոտական և ռազմական օբյեկտներ, իսկ սա, ըստ արաբագետի, ուղղված էր Հըզբոլլահ իսլամական արմատական կազմակերպության դեմ:
«Իսրայելը միշտ այն մտավախությունն է հատնում, որ Սիրիայի զինանոցներում գտնվող արդի զինտեխնիկան կարող է հայտնվել այդ կազմակերպության ձեռքում, ինչն անընդունելի է Իսրայելի համար: Իսկ այս գործողությունները, հատկապես այդ հրթիռակոծությունների ուժգնությունը, որի ժամանակ եղան զոհեր, իսկ պայթունների հետևանքով Դամասկոսի շրջաններում գրանցվեցին 3- 4 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ, խոսում է ռմբակոծությունների ուժգնության մասին»։
Սարգիս Գրիգորյանի կարծիքով` Սիրիայի զինված ուժերը չունեն տեխնիկական հագեցվածություն և ռեսուրսներ, որ դիմեն պատասխան գործողությունների: Սիրիական կողմը անընդհատ հայտարարում է, որ այս գործողությունները հրահրում են զինված բախումներ, սակայն այս հայտարարությունները, Գրիգորյանի ձևակերպմամբ, կմնան զուտ հայտարարություններ:
Սիրիական կողմը կփորձի այս հարցը շահարկել միջազգային ատյաններում, ասում է արաբագետը: Իսկ այս կառուցներում որոշակի ակտիվություն նկատվում է սիրիական հակամարտության կարգավորման հետ կապված: Մայիսի 7-ին Մոսկվայում կայացավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, որտեղ հայտարարվեց, որ մայիսի վերջին ծրագրվում է գումարել միջազգային վեհաժողով` Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որին կմասնակցեն հակամարտող բոլոր կողմերը:
Վերջերս youtube կայքում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի ադրբեջանցի կոչ է անում իր ազգակիցներին սրբազան պատերազմի՝ ջի հադի դուրս գալ Սիրիայում: Տեսանյութը նկարահանված է Սիրիայում: Սարգիս Գրիգորյանի խոսքով` ադրբեջանցու «իսլամական պայքարի դուրս գալու կոչը բավականին ազդեցիկ է Ադրբեջանում և այս կոչին շատ արագ արձագանքում են, ինչի արդյունքը տեսանյութն է»:
Տեսանյութում ադրբեջանցին հայտարարում է, որ հավաքագրված իսլամական բանակներ ստեղծվելու են ոչ միայն Սիրիայի տարածքում, այլ նաև Եմենում և Իրաքում։