
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցության համար:
«Ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա»,-ասել է ԱՀ նախագահը:
Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով:
«Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ, և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- ասել է Փաշինյանը:
«Միանշանակ համակարծիք եմ, պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ, և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ»,-նշել է Արցախի նախագահը:




