
Բերձորցիներն այսօր փոքր խմբերով այցելել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան և հարգանքի տուրք մատուցել, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ անդրադառալով քաղաքի ազատագրման 28-ամյակին: Նրա խոսքով՝ հաշվի առնելով համաճարակի տարածումը՝ մասսայական միջոցառումներ չեն կազմակերպվում:
1992-ի մայիսի 18-ին հայկական զինված խմբավորումները ազատագրեցին Բերձոր քաղաքը՝ Լաչինը, ճանապարհ բացելով, ապահովելով Մայր Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապը։ Բերձորի ազատագրման ռազմական գործողությունների արդյունքում հայկական երկու հանրապետությունները միավորվեցին. այն լոկ տարածքների ազատագրում չէր:
«Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարևոր դերակատարություն ունեցավ: Այս 28 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազում ձեռքբերումներ և հաջողություններ: Ներկայումս ունենք բնակեցված մի շարք բնակավայրեր, որտեղ օր-օրի իրականացնում ենք շենացման ու զարգացման ծրագրեր: Ունենք ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզ, բարեկարգ ճանապարհներ և հնարավորություններ՝ էլ ավելի բարեկեցիկ դարձնելու մեր ապագան: Մենք պարտական ենք բոլոր այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այսօրվա»,-մասնավորապես ասել է քաղաքապետը:




