ԿարևորՔաղաքական

Արցախում ձևավորվեց 7-րդ գումարման խորհրդարանը

Արցախում ձևավորվեց 7-րդ գումարման խորհրդարանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան որոշումն ընդունել է այսօր: Համավարակի վտանգը հաշվի առնելով` հանձնաժողովը  մանդատների հանձնման ավանդական միջոցառումը  չկազմակերպեց:  

Արցախի խորհրդարանը 33 պատգամավոր ունի:  Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում 16 մանդատ ստացել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության և «Քաղաքացիական միացյալ դաշինքի» կուսակցությունների դաշինքը:

Այսօր հրապարակված պատգամավորների ցանկից հետևում է, որ այս քաղաքական ուժի նախընտրական ցուցակն այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվել: ԿԸՀ – ստացել է  երեք պատգամավորների ինքնաբացարկի դիմումը. նախօրեին տեղի ունեցած դաշինքի  հավաքում  որոշվել էր,  թե ինչ պաշտոն են զբաղեցնելու ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորները գործադիր իշխանությունում։

Այսպես, Կարեն Դանիելյանը ղեկավարելու է նախագահի աշխատակազմը, Լուսինե Ղարախանյանը կրթության և գիտության նախարարությունը, Արամ Սարգսյանը ՝ քաղաքաշինության նախարարությունը:

Արցախի 2017 թվականի Սահմանադրության համաձայն`  հանրապետության նախագահը միանձնյա է կազմավորում  կառավարությունը:  Դրանում տեղ կունենան այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, թե չէ ՝առայժմ հայտնի չէ: Արայիկ Հարությունյանը  քաղաքական խորհրդակցությունների երկրոդ փուլը դեռևս չի սկսել: Նախագահի պաշտոնամուտը  տեղի կունենա մայիսի 21-ին:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ  իր ծրագրի կենսագործումը սկսելու է հունիսի 1-ից, ինչը ենթադրել է տալիս, որ  մինչ այդ գործադիր իշխանությունն արդեն ձևավորված է լինելու: 

Բացահայտ ընդդիմադիր կեցվածքով է հանդես գալիս խորհրդարանում 3 մանդատ ստացած «Արդարություն» կուսակցությունը: Այս կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրել էր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: Վերջինս գլխավորում էր կուսակցության նախընտրական ցուցակը: Վիտալի Բալասանյանը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել և խորհրդարան չի գնալու: 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր չի լինելու նաև  գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ղեկավարում էր ժողովրդավարների ցուցակը: Այս կուսակցությունը  երկու մանդատ է ստացել: 

ՀՅԴ-ն Արցախի նոր խորհրդարանում կունենա 3 պատգամավոր: Դաշնակցականները նախընտրական ցուցակում փոփոխություններ չեն կատարել:

Ամենամեծ փոփոխությունները կրել է Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը: Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 15 թեկնածու՝ ընդ որում նաև ցուցակի առաջին տասնյակից:  Կուսակցությունը  9 մանդատ ունի:  Արցախի նորընտիր խորհրդարանը 7 կին պատգամավոր  ունի:

Back to top button