Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի կապակցությամբ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է տարածել եռատոնի կապակցությամբ: Ներկայացնում ենք նախագահի ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ, գրվել է մեր հերոս պապերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների արյամբ, նրանց, ովքեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին ամեն ինչից եւ նահատակվեցին հանուն համազգային գաղափարների իրականացման: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու գործերում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, անցնելով բազում զրկանքների միջով, մյուս ժողովուրդների հետ պայքարեց դարի մեծագույն չարիքի` ֆաշիզմի դեմ եւ միասին տոնեց Մեծ Հաղթանակը:
Բազմապատկելով նրանց փառքն ու սխրանքը` մեր այսօրվա սերունդը հերոսության ու արիության հրաշքներ գործեց մարտի դաշտում և պաշտպանեց հարազատ Արցախը: Մենք ստեղծեցինք կանոնավոր ու մարտունակ բանակ, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին և այսօր էլ շարունակում ենք շենացնել մեր պապենական հողն ու հայրենի երկիրը` համայն հայության հետ ձեռք ձեռքի խորացնելով ու ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, միասնաբար ու միակամ մենք կունենանք շատ ու շատ նվաճումներ ու ձեռքբերումներ, կարձանագրենք նոր հաջողություններ կյանքի տարբեր բնագավառներում:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ և ամենուր»: