

Ո՞րն է Վերին Լարսի անցակետի դերակատարումը
Վերին Լարսը ոչ միայն տնտեսական անվտանգության ապահովման տեսանկյունից է կարեւոր, այլեւ մեզ աշխարհին կապող կարեւոր դուռ է։
Վերին Լարսում ՀՀ կցորդ Արամ Թանանյանի լիազորությունները սահմանել է կառավարությունը. ուսումնասիրել ընդհանուր իրավիճակը, իրավական կարգավորումները, անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնել։ Սակայն միայն իրավական կարգավորումները բավական չեն, պետք է դրանք կիրառել։ ԵԱՏՄ շրջանակներում կան շուկան կարգավորող բազմահատոր որոշումներ եւ մի ակնթարթում հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել, «Ռադիոլուրի հյուրասրահ»- ում ասում է կցորդ Արամ Թանանյանը։
Վերին Լարսում ՀՀ ներկայացուցչի կարեւորությունը
Կցորդի նշանակմամբ ստեղծվում է մի հարթակ, որտեղ հարցերը մեկտեղվում են, քննարկվում են, եւ ի շահ բեռնափոխադրողի լուծում է գտնվում։ Հետագայում հնարավոր է մշակվի ժամանակակից համակարգ` ինտերակտիվ եղանակով խնդիրներին ավելի հրատապ լուծում տալու համար։
Վերին Լարսում «կանաչ ուղու» նշանակությունը
Անցակետում կա 4 գիծ՝ ելքով եւ մուտքով, գործում է նաեւ առանձին գիծ՝ վրան գրված ԵԱՏՄ։ Մարդիկ գիտեն, որ կա նման ուղի։ Իհարկե, ծախսեր են, ոչ այդքան մեծ, որոնք բեռանափոխադրողները համաձայն են անել. ժամանակ չեն կորցնում եւ արագ հատում են սահմանը։ Արդեն այդ ուղին գործում է։ Հայաստանի Բագրատաշեն անցակետից ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները շարժվում են, արագ անցնում մաքսային ընթացակարգերով, հատում սահմանը։
«Նման օրինակ ունեցել ենք։ Մի օրվա ընթացքում մի քանի հարյուր բեռանափոխադրող մեքենա արագ հասավ ՌԴ։ Սա մի քանի մեքենաների համար է, ոչ՝ անհատական»,- բացատրում է Լարսում մեր ներկայացուցիչը։
Վերին Լարսը երեկ եւ այսօր
Նախագծման ժամանակ սահմանակետի առջեւ դրված խնդիրները այլ էին, քանի որ իրավիճակն էլ այլ էր։ Նախկինում սահմանակետը սպասարկում էր 200 բեռանատար, 180 մարդատար, 50 ավտոբուս։ Այսօր` անգամ համաճարակի այս պայմաններում, չորս անգամ ավելի փոխադրում է իրականցվում, իսկ հատկապես ամռանը մեքենաների շարժը կրկնապատկվում է։


Անցակետի փակման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները
Օբյեկտիվ պատճառներից է եղանակը. ձմռանը ճանապարհը պարբերաբար փակվում է, ձնահյուսք է իջնում։ Սակայն վրացական իշխանությունները նույնպես շահագրգռված են ճանապարհը բացելու, արագ մաքրելու հարցում, քանի որ դա իրենց հյուսիսային հատվածն է, իրենց բեռների համար էլ կարեւոր է։
Սուբյեկտիվ պատճառներով հերթերը կարող են երկարել, սահմանն անցնելը երկար ժամանակ պահանջի։ Այստեղով անցնում են տարբեր երկրների վարորդներ, տարբեր մշակույթների կրողներ։ Ու տարբեր սովորույթներն ու ավանդույթները խաչվում են Լարսի անցակետում, երբեմն նաեւ տարընթերցումների պատճառ դառնում։
Կա՞ն արդյոք կոռուպցիոն սխեմաներ
«Տարբեր հարցերով դիմում են, բողոքում, անգամ կոչեր անում։ Անհրաժեշտ տեղեկությունները հավաքվում են, եւ բուն խնդրի հետեւից եմ գնում։ Մարդիկ լինում է ժամեր, օրեր սպասում են, նյարդայնանում, զայրացած գալիս, մեղադրում։ Պետք է հասկանալ իրավիճակը, լուծել խնդիրները»,- ասում է Արամ Թանանյանը։
Լարսում իրավիճակը ողբերգական չէ։ Եղած խնդիրներին ՀՀ ներկայացուցիչը «կոռուպցիոն» ձեւակերպում չի տալիս, քանի որ ամեն դեպք առանձին քննության առարկա է դառնում։
«Սկզբում, երբ ամեն հարցով դիմում էին, խնդրեցի հարցը ձեւակերպել, անգամ եթե կա կոռուպցիա։ Այս ընթացքում հարցերը 75 տոկոսով նվազեցին, քանի որ գրավոր ձեւակերպումը պատասխանատվություն է նշանակում։ Բեռնափոխադրողի հետ մենք աշխատում ենք շատ սերտ, գործընկերային հարաբերություններ են, կարեւոր է, որ բեռները հասնեն ՀՀ»։