ԿարևորՏնտեսական

Ինչո՞ւ են մերժվում գյուղաջակցության վարկային հայտերը

Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու կառավարության ծրագրերի շարքում գյուղատնտեսությանն ուղղված 2-րդ միջոցառումն ամենաշատ շահառուներն ունի: Էկոնոմիկայի նախարարության վերլուծությունների համաձայն՝ ընդհանրապես աջակցության ծրագրերի 75 տոկոսից ավելին եղել են հենց այդ ուղղությամբ:

Ապրիլ ամսվա ավարտի դրությամբ՝ 6000-ը գերազանցող շահառուներից մոտ 5,5 հազարը մարզերում փոքր գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներն ու գյուղացիական տնտեսություններն են: Որոշ մարզերում, սակայն, կարծում են, որ աջակցության ծրագրերով նախատեսված 0 տոկոսանոց գյուղվարկերն իրական աջակցության կարիք ունեցող հասցեատերերին չեն հասնում:

Ռադիոլուրն անդրադարձել է խնդրին, որի մասին բարձրաձայնել է Մարտունու Ծովինար գյուղի բնակիչ Վահան Բադալյանը: Առեւտրային բանկերն էլ վստահեցնում են, որ հաճախորդներն իրենց համար թանկ են ու ոչ մի վարկ հենց այնպես չի մերժվում:

Մարտունու Ծովինար գյուղի բնակիչ Վահան Բադալյանը ցանկանում է ընդլայնել իր խոզաբուծարանը՝ օգտվելով կառավարության աջակցության ծրագրերից: Գյուղատնտեսական 0 տոկոսանոց վարկ ստանալու համար դիմել է Մարտունու բանկային մասնաճյուղ՝ մերժել են:

«Իմ դիմումը ներկայացրել եմ: Մի քանի օր հետո ինձ պատասխանել են, որ՝ մերժում ենք քո վարկի ծանրաբեռնվածության համար»,- ասում է Բադալյանը

Ինչո՞ւ են մերժել իրեն, երբ ընտանիքում 4 աշխատող են, նախկինում պարբերաբար օգտվել են գյուղվարկերից, երբեք խնդիր չի եղել: Դեկտեմբերին նույնպես 6 մլն դրամի վարկ են վերցրել, որից 1 մլնը՝ ոսկու գրավի դիմաց: Այս վարկերն էլ  առանց որեւէ խնդրի շարունակում են մարել՝ ասում է: Այդ վարկը նույնպես ներդրել է գյուղատնտեսության մեջ: Կոնկրետ՝ խոզաբուծության մեջ: Մայրացու խոզերի թիվը հասցրել է 5-ի ու կեր գնել: Հիմա էլ ցանկանում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն ուղղված կառավարության աջակցության 0 տոկոսանոց գյուղվարկից օգտվել.  կերի խնդիր լուծել ու խոզաբուծարանն ընդլայնելու:

Աջակցության վարկից օգտվելու հայտը, սակայն, մերժվել է: Զանգահարել է նաեւ գյուղվարկեր տրամադրող տվյալ բանկի գլխամաս. «Պատասխանեցին, որ քո տնտեսության գնահատման վերլուծությունը կատարել ենք 18-19 թվերի տվյալների հիման վրա»:

Վահան Բադալյանը կարծում է, որ իր տնտեսության գնահատականը բանկը սխալ է տվել՝ հիմք ընդունելով հին տվյալներ եւ դրա արդյունքում էլ հայտը մերժվել է:  Կարծում է, որ բանկից պետք է այցելեն իրեն եւ տեղում ստուգեն ու հետո գնահատական տան իր ստեղծած այսօրվա տնտեսությանը, ինչը չի արվել:

«Խնդրում եմ ինձ պատասխանեք, արդյո՞ք իրավացի են: Նաեւ խնդրում եմ՝ հնարավո՞ր է կամիսիա ուղարկել. իմ տնտեսությունը նայեն, ստուգեն եւ ինձ պատասխանեն՝ արդյո՞ք ինձ հասնում է, թե՞ ոչ»:

Ստացվում է, որ կառավարության հասցեագրած օժանդակությունն էլ հասցեատերերին չի հասնում՝ վրդովված ասում է նա.

«Կառավարությունը արդյո՞ք այդպիսի խիստ պահանջ է ներկայացնում, որ չեն տրամադրում: Էսօր բոլորն էլ վարկեր ունեն: Ես մենակ չեմ դժգոհ: Մեր գյուղի մեծամասնությունն է, որոնք ուզում են հողամաս ցանեն. տրակտորի եւ մյուս ծախսերի համար նորմալ գումար չեն տրամադրում՝ տարբեր պատճառաբանությամբ: Եթե այդպես է, այստեղ կառավարության օժանդակությունը ո՞րն է: Կամ՝ կառավարությունը տեղյակ չէ, որ իր տված գումարը նորմալ հասցեատերերին չի հասնում: Էսօր նորից էդ գումարը հասնում է այն մարդուն, ով ունեւոր է, ով փող ունի, իսկ մեր նման հասարակ գյուղացուն ոչ մի լումայով չեն աջակցում: Արդյո՞ք վերահսկողություն չկա էդ բանկերի վրա, որ տեղյակ լինեն՝ աջակցության գումարները հասցեատերերին հասնում են, թե՞ ոչ: Էսպիսի պատմությունների մեջ ենք»:

Ասում է, որ զանգով դիմել է նաեւ Էկոնոմիակայի նախարարություն, որտեղից էլ հայտնել են, որ պետք է բանկի հետ հարցերը լուծել: Ի դեպ, օրերս այսպիսի խնդիրների մասին խոսեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունում ձեւավորված Հայկական միասնական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում նա նախ տեղեկացրեց, որ կառավարության աջակցության 2-րդ միջոցառման շրջանակներում կան ամենամեծ թվով շահառուները:

«6000-ը գերազանցող եւ այդ դեպքում մոտավորապես 5,5 հազարն այն ֆերմերային տնտեսություններն են, գյուղացիական տնտեսություններն են, որոնք փոքր գյուղատնտեսությամբ են զբաղվում մարզերում: Առավելապես, պահանջը մեծ է միկրովարկերի, իսկ դրանից հետո ավելի մեծ պահանջվածություն ունեն 3-15 մլն դրամ ծավալով գյուղատնտեսական վարկերը՝ 5 տարվա ժամկետով տրվող վարկերն են: Որպեսզի պատկերավոր լինի թվային առումով՝ 2019 թվականի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր աջակցության ծրագրերի 75 տոկոսից ավելին եղել է հենց այդ ուղղությամբ»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը

Բացառվում է հայտերի մերժումը, եթե կա սահմանված չափանիշերին համապատասխանություն՝ հայտարարեց նախարարը: Կազմակերպությունների դեպքում, օրինակ, այդպիսի հայտերը բավարարվում են ավտոմատ կերպով՝ ասաց:

Ինչ վերաբերում է երկրորդ ծրագրով վարկային հայտերին, ապա դրանք ուսումնասիրվում են առեւտրային բակի կողմից.

«Կարող է թվալ, որ ինքը, ընդհանուր առմամբ, այն չափորոշիչների սահմաններում է, որոնք հայտարարված են որպես աջակցության թիրախ, սակայն, առեւտրային բանկը վերլուծելով տվյալ ներկայացված վարկային հայտը, գա այն եզրակացության, որ ռիսկեր են պարունակվում եւ չընդառաջի այդ վարկավորմանը, կամ չբավարարի այդ վարկային հայտը: Այդ պայմաններում բանկային համակարգը ընտրված է հենց այն նպատակով, որ կարողանա գնահատել, ֆիլտր հանդիսանալ առավել թափանցիկ ծրագրերի, առավել բարեխիղճ կազմակերպությունների ընտրության հարցում եւ կառավարության որոշումները հիմնվում են բանկային համակարգի՝ այդ եղանակով  ցուցաբերվող աջակցության կամ կատարվող ընտրության վրա»,- նշում է նախարար Խաչատրյանը:

Գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորմամբ ամենահայտնի՝ ԱԿԲԱ բանկը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների մեկնարկից մինչ օրս տրամադրել է 5726 հատ գյուղատնտեսական վարկ, ընդհանուր՝ 5.820.055.000 ՀՀ դրամի։ ԱԿԲԱ բանկի գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը բանկի կայքէջին տված հարցազրույցում վստահեցնում է.

«Մեր համար շատ կարեւոր է, որ ճգնաժամի պայմաններում մենք ապահովենք հաճախորդի կենսունակությունը: Պատրաստ ենք լսել հաճախորդին, քննարկել եւ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Սա չափազանց կարեւոր է»:   

Զրուցելով վարկային մասնագետի հետ՝ պարզեցինք նաեւ, որ տնտեսություն այցելել հնարավոր չէր՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներով: Չնայած դրա՝ հատկապես փոքր համայնքներում վարկային մասնագետները տիրապետում են նաեւ հաճախորդ տնտեսություններում կատարվող շարժերին:

Տվյալ դեպքում՝ հաճախորդը նաեւ չի համապատասխանում առանց տնտեսություն այցելելու վարկի տրամադրման սահմանված չափանիշներին, գումարած՝ վարկերով գերծանրաբեռնվածությունը:

Ծովինարցի Հակոբ Բադալյանն ասում է, որ եթե չկարողանա օգտվել գյուղաջակցության կառավարության ծրագրից, ապա ստիպված է լինելու վաճառել բոլոր գոճիներն ու մայր խոզերը, վերադարձնել անցած տարի վերցրած վարկերն ու, իր ձեւակերկմամբ, մինուսով դուրս գալ:    

Back to top button