Կորոնավիրուսի համավարակը բերել է ամերիկյան WTI տեսակի նավթի աննախադեպ գնանկման։ Թեև նավթի գնանկման գործընթացը սկիզբ է առել դեռևս անցյալ տարեվերջին, երբ կորոնավիրուսի համավարակը միայն Չինաստանով էր սահմանափակվում և համամոլորակային բնույթ չէր կրում, երեկ նավթի գինը պատմության մեջ չլսված ռեկորդ է սահմանել՝ բարելի դիմաց մինչև մինուս 40 դոլար։
Շուկայում ի հայտ եկած հսկայական ավելցուկի պատճառով OPEC-ը` Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, ու մյուս խոշորագույն խաղացողները՝ այդ թվում Ռուսաստանն ու Ադրբեջանը, անցած շաբաթ համաձայնել էին նվազեցնել արտահանումը մոտ 9,7 միլիոն բարելով: Սակայն, ինչպես և նախազգուշացրել էին փորձագետները, կրճատման ծավալը, թեև աննախադեպ էր, բայց` ոչ բավարար: Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային շուկայում «սև ոսկու» գները կտրուկ նվազում են։ Այնուամենայնիվ՝ 300 տոկոսի գնանկում որևէ մեկը չէր կանխատեսել։
Մինուս 40 դոլար բարելի դիմաց․ նավթի նման գին, եթե այն իհարկե, կարելի է գին անվանել, աշխարհը դեռևս չէր տեսել. պատկերավոր ասած՝ երեկ երոկոյան արտադրողները սկսեցին իրենք վճարել գնորդներին՝ նավթը տանելու համար, մտավախություն ունենալով, որ առաջիկայում պահեստարաններն այլևս կարող են չբավարարել, քանի որ ռեկորդային ցածր համաշխարհային պահանջարկի պայմաններում դրանք գերլիքն են նավթով։
Այսօր առավոտյան արդեն WTI տեսակի նավթը վերադարձավ դրական ցուցանիշի` 1,65 դոլար բարելի դիմաց, սակայն շարունակում է մնալ աննախադեպ ցածր՝ շղթայական կապով ազդեցություն գործելով նաև նավթի այլ տեսակների, մյուս էներգակիրների գների վրա։
Հայաստանի տնտեսությունը նավթի գնից անմիջական կախում չունի, բայց Ռուսաստանի հետ սերտ կապերը հաշվի առնելով՝ միջնորդավորված ազդեցութունը ինչպիսի՞ն կլինի, ինչ ծավալների, ո՞ր ոլորտների վրա։
«Հայաստանի Հանրապետությունը նավթային պաշարներ չունի և նման գործարքների չի մասնակցում, բացի նրանից, որ գնում է վառելանյութ՝ մշակված նավթից։ Հիմնական ազդեցությունը լինելու է արտագնա աշխատողների վրա՝ տրանսֆերտների նվազման տեսանկյունից։ ՌԴ-ում շինարարության ծավալները վերանայվում են, ցեմենտի սպառման ծավակները նախատեսվում են նախորդ տարվա 30-50 տոկոսի չափով։ Այսինքն, ցեմենտի սպառման նվազեցումը ավտոմատ կերպով ենթադրում է շինարարության ծավալների նվազում, իսկ մեր հայրենակիցները, ինչպես գիտենք, զբաղված են շինարարության ոլորտում»,- «Ռադիոլուրի» փոխանցում է տնտեսագետ Կարեն Ավագյանը՝ նավթի աննախադեպ էժանացման դրական կողմը ևս մատնանշելով, որ տրանսպորտային փոխադրումների ինքնարժեքի նվազում է սպասվում։ Նրա խոսքով՝ ավթի գների անկումը հանգեցրել է բենզինի գների նվազման, որի մեծածախ վաճառքը այսօր տատանվում է մեկ լիտրի դիմաց 170 դրամի սահմաններում։
Ադրբեջանի պետական բյուջեն նույնպես նավթային է։ 2020 թվականին Բաքուն այն հաշվարկվել է բարելի դիմաց մոտավորապես $55 դոլարով։ Տնտեսագետը նշում է, որ Ադրբեջանն իհարկե այս իրավիճակում ունենալու է լուրջ տնտեսական խնդիրներ։ Կարեն Ավագյանը կարծում է, որ առկա խնդիրները կարող են նաև գլոբալ քաղաքական հետևանքներ ունենալ հարևան պետության համար։
Օրինակ՝ Վաշինգտոնը, արձագանքելով նավթի աննախադեպ գնանկմանը, այսօր հայտարարել է, որ կդիտարկի Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը դադարեցնելու հարցը։ Մինչ այդ, ամերիկյան կառավարությունն ինքը կսկսի վառելիք գնել` նավթի ռազմավարական պաշարները համալրելու համար:
Ադրբեջանը նույնպես կարող է հայտնվել խաղից դուրս։ Նավթարդյունահանող ընկերություններն այս երկրում ունեն արևմտյան բաժնետերեր, և ճգնաժամային պայմաններում նրանց կարող է պարտադրվել Արեւմուտքի քաղաքական կամքը։
«Սրվում է պաշարների իրացման խնդիրը, և կառավարությունների կողմից քաղաքական ճնշում կարող է լինել նավթարդյունահանող ընկերությունների վրա, որպեսզի առաջնահերթ իրացվի իրենց անմիջական տնտեսական և քաղաքական շահերի տիրույթում գտնվող նավթը։ Ադրբեջանականը ռուսական նավթի մրցակիցն է, և ադրբեջանականին միշտ առավելություն է տրվել հենց այս տեսակետից։ Ներկա մրցակցության պայմաններում Ադրբեջանին կարող է առավելություն չտրվի․ միանշանակ առաջնային կլինի ամերիկյան և սաուդյան նավթը»,- մանրամասնում է տնտեսագետը։
Կորոնավիրուսն աշխարհին թելադրում է իր խաղի կանոնները․ թեև մի շարք երկներ փորձում են տնտեսական կյանքը վերադարձնել բնականոն հուն, սակայն դեռևս չկան անգամ մոտավոր կանխատեսումներ, թե երբ է վերանակգվելու համաշխարհային տնտեսությունը։ Իսկ դա նշանակում է, որ նավթի պահանջարկն առաջիկայում ևս կշարունակի մնալ ցածր, պահեստարանները՝ լիքը։
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներով` այս ամիս աշխարհում նավթի պահանջարկը կհասնի վերջին 25 տարվա մեջ ամենացածր ցուցանիշին, իսկ տարվա կտրվածքով` կնվազի մոտ մեկ երրորդով: