ԿարևորՀասարակությունՄիջազգային

Զինված հարձակում Պոլսի հայոց Մայր եկեղեցու վրա

Այսօր առավոտյան զինված հարձակում է եղել Պոլսո հայոց պատրիարքարանի` Գում Գափու թաղամասում գտնվող մայր եկեղեցու վրա: Հարձակումն իրականացվել է առավոտյան պատարագի ժամանակ, հայտնում է Akunq.net- ը հղում անելով թուրքական «Ռադիկալին»։

Տեղական ժամանակով՝ 12:30-ի կողմերը, անհայտ մի անձ պատարագի ժամանակ 7 անգամ օդ կրակելուց հետո փախել է դեպքի վայրից:

Ինչպես «Ռադիկալին» հայտնել է դեպքի ականատեսը` պոլսահայ համայնքի ճանաչված ներկայացուցիչ Կարո Պայլանը, կիրակնօրյա պատարագի ավարտին եկեղեցուն մոտեցած մի անձ օդ կրակելուց հետո ճողոպրել է դեպքի վայրից:
Խուճապ է սկսվել պատարագին մասնակցող պոլսահայերի շրջանում, որոնց մեջ եղել են նաև երեխաներ: Հարձակման հետևանքով, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել:

«Ներկա պահին փորձում են կազմել նրա ֆոտոռոբոտը: Ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության մասնաճյուղերը միասին են աշխատում` դեպքը հետաքննելու համար: Հնարավոր է նաև, որ տվյալ անձը մենակ չի եղել: Դռան մոտ ոչ ոք չի գտնվել` մեզնից բացի: Հարձակվողը որևէ բան չի բղավել և ոչ մի կարգախոս չի հնչեցրել: Եկեղեցու ներսում խուճապ է սկսվում: Դռները փակում են և միջոցներ ձեռնարկում»,- ասել է Կարո Պալյանը։

Ապրիլի 27-ին, 30-40 հոգանոց մի խումբ ցերեկվա ժամերին հարձակվել էր Աթաշեհիրի Նոր հույս եկեղեցու վրա: Եվս մեկ հարձակում էլ եղել էր Բուրգազ կղզում գտնվող Այոիս Իոնիս հույն ուղղափառ եկեղեցու վրա:

Կարդացեք նաև

Back to top button