
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Նրանք կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չունեն:
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է:
Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և ոստիկանության վերահսկողության տակ: Նշյալ բուժաշխատողը Հանրապետական բժշկական կենտրոնի աշխատակից է և աշխատանքի բերումով օրեր առաջ առնչվել էր Քարվաճառից նոր կորոնավիրուսային վարակով մեկուսացված քաղաքացու հետ:
Նախօրեին հետազոտության համար ՀՀ ուղարկված 11 փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամբողջությամբ ստացվել են և կորոնավիրուսի վարակը հաստատվել է միայն մեկ քաղաքացու մոտ (բուժաշխատող): Մյուս 10 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց դեպքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվն այս պահի դրությամբ 21 է:
Արցախում այս պահի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և երեկ դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից:




