
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերջնականացնում են ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը:
«Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ:
Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:
Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ»,-գրել է նա:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ նախարարը հորդորում է. «Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք: Սա անպատասխանատու լրագրության գագաթնակետն է, այն էլ` արտակարգ դրության ժամանակ, երբ մարդիկ այդքան լարված են նոր իրողությունների պատճառով»:
Նաև նշում է, որ մինչև հիմա գործել են թափանցիկ, ու որոշումները պատրաստ լինելուն պես անմիջապես հրապարակել են:




