
Գարնանային ցրտահարությունից խուսափել չի եղել: Արմավիրի մարզի այգետերերն 2 օր գիշերն անցկացրել են այգիներում և ծխահարությամբ փորձել պաշտպանել ծիրանի, սալորի, դեղձի և խաղողի այգիները: Մարզում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել էր ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, Արգինայում՝ իջել մինչև -6 աստիճան:
Գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը դեռ 3 օր առաջ տեղեկացրել էր ցրտահարության վտանգի մասին, գյուղացիների մի մասը ձեռնարկել էր պաշտպանիչ միջոցներ, մի մասն՝ անիմաստ համարել՝ ենթադրելով քամու առկայությամբ ծխահարությունը իզուր է: Արմավիրի մարզում ցրտահարություն, այնուամենայիվ, գրանցվել է:
Նախալեռնային գոտում ջերմաստիճանի սանդղակը 2 օր՝ ապրիլի 7-ի լույս 8-ի և լույս 9 գիշերը, 0-ից մինչև -6 աստիճան էր իջել: Բաղրամյանի տարածքի նախալեռնային գոտիներում գտնվող ագիներին վտանգը սպառնացել է: Արգինա համայանքում շուրջ 270 հա-ի վրա ծիրանի այգիներ են, համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը նշեց, որ ապրիլի 8-ի գիշերն ավելի շատ էր իջել ջերմաստիճանը, քան երեկ.
«-4, -6 երեկ է եղել, -3, -5 էս գիշեր, ավելի մեղմ է եղել, քան երեկ: Եթե մինուս 6 է պաշտպանելը, ժողովրդի լեզվով ասած՝ սրտահովարանք է: Մեր տարածքում անընդհատ քամի կա, քամու պայմաններում հնարավոր չի պաշտպանել, ջերմոց չի, որ ցելոֆոն գցենք, էս անենք, էն անենք, այգուն՝ դժվար է»,- ասաց համայնքի ղեկավարը:
Արգինայում և հարակից բնակավայրերում՝ Շենիկում. Քարակերտում, Արագածոտնի մարզի Արտենիում, որոնք գտնվում են բարձրադիր վայրերում, ցրտահարություն եղել է: Այդ տարածքներում ծառերը մեկ շաբաթ առաջ էին սկսել ծաղկել:
Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյան. «Ցուրտ էր գիշերը, բայց էս պահին վնասը չի երևում, որովհետև պիտի անցնի էլի, մի օր, երկու օր անցնի, որ երևա: Մոտ 2 սմ սառել էր գետնի վրա ջուրը, թե բերքի վրա ոնց կազդի՝ չեմ կարա ասեմ, պտի մասնագետները նայեն: Գյուղացիների որոշ մասը կրակ են վառել, բայց դե մեծ մասը՝ ոչ: Մեծ գործ է կրակ վառելը, ամբողջ գիշեր պետք է ծուխ տան»:

Քարակերտում ծիրանի այգիները 400-430 հա է: Արտենիում Շատերը հետևել են գյուղատնտեսների խորհուրդներին և նախապես պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել և արդեն 2 գիշեր այգետերերի մի մասն անցկացրել դրսում: Արտենի գյուղից Անդրանիկ Հովհաննիսյանն ու եղբայրները նույնպես դրսում են եղել, ծխահարել՝ ծիրանի այգին:
«Գիշերը ժամը 12-ից հետո գնացել ենք, էդ ամեն ինչը կազմակերպել ենք, ժամը 3-ից հետո ծխահարել ենք: Գոմաղբով ու սալոմով ծուխ ենք տվել ծառներին, բայց դեռ դաշտ չենք գնացել,որ տեսնենք ինչ է եղել: Գյուղում հիմա մոտենում եմ ծառներին, արդեն երևում է, որ վնասվել են, վրեն ցրտահարության նշանները կան՝ ծաղիկն արդեն սևանում է, ձեռք ես տալիս՝ թափվում է: Կոնկրետ էս ծառին, որին մոտեցել եմ՝ ծուխ չի տրվել»,- ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը:
Գիշերվա ցրտահարությունից այգիները պաշտպանել են նաև ավելի ցածրադիր վայրերում՝ հովտային շրջաններում: Արմավիրի տարածքի Սրադարապատ գյուղում Հովհաննես Ստեփանյանը գրեթե 1 ամբողջ օր անցկացրել էր այգում՝ ցերեկը նախապատրաստվել, գիշերը ժամը 3-ից՝ կրակ տվել.
«Վառել ենք կալոս, չոր փայտ, թեփ և փայենը՝ աթարի փշուրները, թրջեցինք դա, որ խոնավություն պահի, որ չոր է լինում, շատ շուտ է վառվում: Մենակ մենք չէինք, մեր շրջապատում գիտակից մարդիկ շատ կան, համատարած կպցրեցինք, ամբողջ տարածքը մխի մեջ կորեց, որ լույսը բացվեց՝ դիմացը չէր երևում»,- նշեց Հովհաննեսը։
Նա ամբողջ գիշեր հետևել է ջերմաստիճանի տատանմանը, թեև գիտի ամենացածր ջերմաստիճանը լուսաբացին մոտ է գրանցվում, բայց նախազգուշացել էր ու ավելի շուտ ծուխ տվել.
«Օդում ջերմաստիճանը ընդամենը կես ժամ կանգնեց 0: Ժամը 3-ից դաշտում ենք եղել +3 աստիճան էր, քիչ-քիչ իջավ, ժամը 6-ին հասավ 0, հետո 7-ից 20 պակաս սկսեց բարձրանալ մինչև +1 աստիճան»:
Գետնի վրա գրանցված ավելի ցածր ջերմաստիճանը վտանգավոր է եղել ջերմոցների ու ցանքատարածքների համար: Էջմիածնի տարածքի Գեղակերտ գյուղում շուրջ 80-100 հա ջերմոցներ են, հիմնականում՝ ելակի: Համայնքի ղեկավար Ցոլակ Հակոբյանն ասում է, որ ջերմոցների փրկությունը ոռոգումն է.
«Ամենաարդյունավետ միջոցը ջրումն է, ջրել են, ծածկել: Ջերմոցների ներսը տենց վնաս չի տվել, բայց բաց դաշտում տարել է ցուրտը: Դաշտում հիմնականում կարտոֆիլ է»,- նշեց Ցոլակ Հակոբյանը:

Գեղակերտում մոտ 70 հա վաղահաս կարտոֆիլի տարածքներ են, որի ցանքսը սկսել էին 1 ամիս առաջ և արդեն ծլել էր: Համայնքի ղեկավարի խոսքով ոռոգման շրջանը դեռ չի բացվել, բայց իրենք պոմպերով կարողացել են ապահովել ջերմոցների ոռոգումը:
Գեղակերտի տնամերձ այգիներում տարբեր պտղատու ծառեր կան, համայնքի ղեկավար Ցոլակ Հակոբյանն ասաց, որ 2-3 օրից պարզ կլինի վնասվածը. «Կարող է չցրտահարվի, բայց պտղակոթը թուլանում է, դեղնում թափվում: Տենց էլ կարա լինի, դրա համար ժամանակ է պետք»:
Արարատյան դաշտավայրի այգիները ցրտահարությունից պաշտպանած գյուղացիները լավատես են՝ հաստատ բերք կունենան.
— Պաշտպանեցիք այգիները, հուսանք բերք կունենաք
—Հուսանք չէ, անպայման կունենանք ( այգետերը բարձր ծիծաղում է):




