ԿարևորՀասարակություն

Աղբ թափելիս տեղեկատվական թերթիկ պետք չէ լրացնել

Երեկ կեսգիշերից Հայաստանում քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթով ու տեղեկատվական թերթիկով։ ՀՀ  ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այսօր հայտարարել է, որ մինչև ժամը 16-ը ոստիկանները քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ կկատարեն, որից հետո կանցնեն օրենքով սահմանված նորմերի կիրառմանը։

Արդարադատության նախարարության  հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ` քրեակատարողական հիմնարկներում 14 էլեկտրոնային ջերմաչափեր են տեղադրել, տրամադրել են համապատասխան դիմակներ ու ձեռնոցներ, այս պահի դրության իրավիճակը վերահսկելի է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին հորդորում են այս օրերին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ դեղատուն, գյուղատնտեսական շուկա կամ սննդի համար գնումներ կատարելու։

Աղբը թափելու նպատակով տնից դուրս գալիս կարելի է տեղեկատվական թերթիկ չլրացնել, սակայն պարտադիր է անմիջապես տուն վերադառնալը։ Ոստիկանությունը երեկվանից  քաղաքացիներին  հորդորում է պահպանել պարետի ցուցումները, տեղաշարժման թերթիկ ու անձնագիր ունենալ։

 «Երբ որ քաղաքացին գրիչը կվերցնի, կլրացնի, իր մոտ պատասխանատվությունը, իմ կարծիքով, կավելանա։ Չի սկսի հորինել, այլ կներկայացնի իր բուն խնդիրը՝ այդ պահին ելնելով պարետի որոշումներից, իր մոտ կառաջանա պատասխանատվություն, որ իր լրացրածի համար պետք է պատկան մարմնին ներկայացնի հաշվետվություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Մինչև ժամը  16․00  ոստիկանները քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ կկատարեն, որից հետո կանցնեն օրենքով սահմանված նորմերի կիրառմանը։ Ծառայությունում ներգրավված են ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնք  կկարողանան կարգավորել  բոլոր տեսակի խնդիրները։

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների սահմանափակումները ավելի վաղ էին սկսվել՝ բացառությամբ տեսազանգերի։

Արդարադատության նախարարության  հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ` քրեակատարողական հիմնարկներում 14  էլեկտրոնային ջերմաչափեր են տեղադրել, տրամադրել են համապատասխան դիմակներ ու ձեռնոցներ, այս պահի դրության իրավիճակը վերահսկելի է

«Վարակի դեպքերի կանխման նպատակով է, որ ծանրոցների մուտքը արգելել ենք։ Իրականացվում են ախտահանիչ նյութերով  մաքրումներ։ Սա ոչ միայն վարչական աշխատողների համար նախատեսված հատվածներում է, այլ նաև այն վայրերում, որտեղ բնակվում են դատապարտյալները»,- ասաց Սարգսյանը։

Արդարադատության նախարարության  ներկայացուցիչը հիշեցնում է՝ օրենսդրական վերջին փոփոխություններով վարչական պատասխանատվություն է սահմանված նախատեսված ինքնամեկուսացման, մեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 100-պատկից 150-ապատիկի չափով։ Եթե կանոնները խախտվել են, գրանցվել է անձի վարակում, այս դեպքում քրեական պատասխնատվություն է նախատեսվում։

Հստակեցվել են արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների կողմից կանոնները չպահպանելու դեպքում պատասխանատվության չափերը

«Որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300 ապատիկի չափով։ Չենք բացառել նաև այն դեպքերը, երբ լրատվական գործունեությունը  հրապարակի որոշակի տեղեկատվություն, ենթարկվի   վարչական պատասխանատվության, որից հետո հրապարակումը չհեռացնի։ Այս դեպքում  տուգանք է նախատեսված  նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»,- նշեց Արփինե Սարգսյանը։   

Քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումն այս պահին մինչև մարտի 31 է, արտակարգ դրությունը մինչեւ ապրիլի 14-ը։

Կարդացեք նաև

Back to top button