
ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան: Այս մասին այսօր ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունն է հաղորդագրություն տարածել։
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Հարցի հետ կապված որոշակի պարզաբանումներ փորձեցինք ստանալ ԿԲ-ից։
ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց հետեւյալը միայն. «Պարզաբանում չենք տալիս։ Այն, ինչ ասված է մեր տարածած մամուլի հաղորդագրության մեջ, այդքանով բավարարվում ենք»։
Կենտրոնաբան բանկի տարածած հաղորդագրությամբ ասվում է, որ վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ:
«ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019 թ. դեկտեմբեր, 2020 թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով այդ ամենը՝ փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում մարտի 18-ին եւ 20-ին ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպել է վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ։ Այդ պարզաբանումները, սակայն, ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:
Այսպիսով, ԿԲ-ն «Վարկս ԷՅ ԷՄ» ունվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին զրկել է լիցենզիայից, քանի որ ընկերությունը, ֆինասական տվյալներ թաքցնելով, քողարկել է կապիտալի նվազեցման փաստը։ Գործընթացը սկսվել է նախորդ տարվա վերջում, շարունակվել է այս տարի և կապ չունի վերջին շաբաթվա ընթացքում քաղաքացիների կողմից «Varks.am»-ի դեմ սկսված արշավի հետ։
Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորված լուծարային հանձնաժողն էլ կիրականացնի սահմանված գործառույթները։ Այս մասին շեշտեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը։
«Ստեղծվելու է լուծարային հանձնաժողով։ Լուծարային հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, իր գործառույթները կիրականացնի»,-ասաց խոսնակը։
Մենք փորձեցինք կապվել նաեւ «Վարկս էյ էմ» կազմակերպության հետ՝ իրենցից նույնպես պարզաբանումներ ստանալու համար, ինչը, սակայն, մեզ այսօր չհաջողվեց։




