
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երեկ պարետի որոշմամբ մինչև ապրիլի 1-ը սահմանափակումներ են սահմանվել հանրային իշխանությունների գործունեության նկատմամբ՝ աշխատանքներն իրականացնելով հեռավար/առցանց եղանակով: Արմավիրի մարզպետարանը քաղաքացիների առջև դռները փակել էր դեռ մարտի 19-ից, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները բաց էին, բայց կրճատել էին շփումները քաղաքացիների հետ: Այսուհետ ժամանակավոր դադարեցվել են ՏԻՄ գրասենյակների գործունեությունը, ծառայությունները մատուցվելու են էլեկտրոնային եղանակով:
COVID-19-ի տարածումը բացառելու նպատակով՝ այսօրվանից քաղաքացիների առջև փակվեցին նաև համայնքապետարանների դռները: Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկանում ենք, որ քաղաքապետարանն արտակարգ ռեժիմի անցնելու պատճառով դադարեցրել է թղթային տարբերակով դիմում-բողոք-առաջարկությունների, հարցումների, գրությունների ընդունումը և նշել դիմելու էլեկտրոնային փոստի հասցեները:

Արմավիրի մարզպետարանն ավելի վաղ էր անցել աշխատանքային փակ ռեժիմի և հեռավար աշխատանքների մասին հայտարարություններ փակցրել մուտքի պատուհաններին: Արմավիրի մարզպետարանի կայք-էջում տեղադրվել են էլեկտրոնային փոստի հասցեներն ու ոլորտի պատասխանատուների հեռախոսահամարները, որոնց քաղաքացիները կարող են դիմել՝խիստ անհրաժեշտությունից ելնելով:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան. «Փաստաթղթաշրջանառությունն այս պահին փաստացի տեղի չի ունենում մարզպետարանում՝ դիմումների և բողոքների տեսքով, բոլոր դիմումներն ու բողոքները մուտք են լինում էլեկտրոնային կապերի միջոցով, հատուկ համակարգերի միջոցով: Սա արտակարգ դրության իրավիճակից բխող միջոցառումներ են, որ մենք ստիպված ենք իրականացնել այս պահին, մարզպետարանի շտաբի աշխատանքները՝ նույնպես: Մենք փորձում ենք մեր կապը պահպանել հեռահար միջոցներով և հնարավորինս զերծ մնալ ֆիզիկական հանդիպումներից և ժողովներից »:
Արտակարգ դրության պայմաններում թագավարակի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգելու նպատակով Արմավիրի մարզպետարանում գործում է հակահամաճարակային օպերատիվ հատուկ շտաբ, որն ի պաշտոնե ղեկավարում է մարզպետը.
«Շտաբի աշխատանքը բաժանվում է 2 մասի. առաջինը՝ ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ, որը վերբերվում է համայնքների հետ ախտահանիչ աշխատանքներ տանելուն՝ փողոցների, վարչական շենքերի, դպրոցների ու մանկապարտեզների, տրանսպորտի մաքրման աշխատանքներին և 2-րդ գործառույթը վերաբերվում է պարետատան հիմնական ցուցումների իրականացմանն ու վերահսկմանը»:

Արմավիրում ախտահանվում են ոչ միայ փողոցները, այլև բակերը, բազմահարկ շենքերի մուտքերը, ներքաղաքային տրանսպորտը: Վարորդներն ունեն ախտահանիչ նյութեր, բայց հազվադեպ են օգտագործում՝ կապված ուևորների շարժի հետ, ոմանք էլ ունեն ախտահանման հստակ ժամեր:

Ախտահանիչ նյութերով են ապահովված նաև Արմավիրի ավտոկայանի մարզային և միջմարզային տրանսպորտի վարորդները: Ավտոկայանի երթակարգավար Գարիկ Ավետիսյանն ախտահանող լուծույթի տարան բացում է առավոտյան ու բաժանում վարորդներին: Երթուղի դուրս գալուց առաջ նրանք ախտահանում են փոխադրամիջոցների դռներն ու սրահները, սակայն ոչ բոլոր վարորդներն են հագնում ձեռնոց և դնում դիմակ:
Ուղևորափոխադրման հոսքի նվազման պատճառով առանձին ձեռնարկատերեր կրճատել են երթուղիների քանակը: Եթե հակահամաճարակային միջոցառումների տեսակետից ինչ -որ կերպ վերահսկվում է երթուղային տրանսպորտը, ապա տաքսիների դեպքում դա թողնվում է սեփականատերերին: Տաքսու վարորդներց մեկն ասաց, որ սպիրտով է ախտահանում մեքենան, մյուսը՝ քլորով:
Երեկ երեկոյան Պարետի որոշմամբ սահմանափակվեց նաև անձանց տեղաշարժը: Քաղաքացիները դուրս են գալու խիստ անհրաժեշտության դեպքում՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման թերթիկ, որտեղ նշվելու են անձնական տվյալներն ու դուրս գալու նպատակը:
Երեկ երեկոյան Արմավիրի ճանապարհային ոստիկանները բարձրախոսով բնակիչներին զգուշացնում էին մնալ տանը, դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:




