ԿարևորՀասարակություն

Տուգանքից մինչև կալանք. «կորոնավիրուսային» պատիժները հաստատվեցին

Այսօր խորհրդարանը արտահերթ նիստով վերջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեկուսացման կանոնները խախտելու դեպքում պատասխանատվություն սահմանող օրենքների փաթեթը:

Նախագիծը կառավարությունը Աժ ներկայացրել էր դեռ ուրբաթ երեկոյան: Թեև ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ արտակարգ դրության պայմաններումդեռ կան չլուծված կարգավորումներ, բայց փաթեթն ընդունվել է միաձայն՝ 117 կողմ քվեարկությամբ:

Արդեն ընդունված փաթեթում կա հստակ սահմանված պատիժ կոնկրետ դեպքերի համար՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ արտակարգ դրության ժամանակ սահմանված  կանոնները խախտելու համար:

100 հազար դրամ տուգանքից մինչև 4 տարվա ազատազրկում. կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ սահմանված  կանոնները խախտելու համար պատասխանատվությունը սահմանվեց քրեական և վարչական իրավախախտումների օրենսգքերում կառավարության առաջարկած լրացումներով: Մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձի կողմից կանոնների խախտումը միանգամից քրեական պատասխանատվություն չի ենթադրում:

Ինչ պետք է իմանան քաղաքացիները՝ ներկայացնում է Աժ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը.

«Միայն կանոնը խախտելը բավարար չէ քրեական պատասխանատվության կամ ժողովրդական լեզվով ասած՝ դատվելու համար: Եթե խախտել է կանոնները դա պարզապես վարչական իրավախախտում է, այսինքն՝ զանցանք է և նա վարչական պատասխանատվության կենթարկվի: Քրեական օրենսդրության տեսանկյունից այդ արարքը հանցանք կհամարվի, եթե ինքը այդ կանոնը խախտելու արդյունքում կվարակի մեկ այլ անձի»: 

Օրենսդրական կարգավորումներով սահմանված տուգանքները հետևյալն են.

մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով

մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ․

– այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,

– երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,

– մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Աժ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան.

«Այն մինիմալ ստանդարտներն են նախատեսվում, որոնց  միջոցով հնարավոր է ապահովել այն անձանց պատասխանատվությունը, ովքեր չեն գիտակցում կոռոնավիրուսի ազդեցությունը հանրության վրա: Որովյհետև առանց այս նախագծի մենք հնարավորություն չենք ունենալու հստակ և արդյունավետ միջոցներ ունենանք կանխարգելելու այս վարակի տարածումը»:

Ընդդիմադիր խմբակցություններից՝ թե՛ Բարգավաճ Հայաստանը, թե՛ Լուսավոր Հայաստանը ուրբաթ օրվանից բազմաթիվ առաջարկություններ էին ներկայացրել նախագծի առնչությամբ: Թեև հիմնական բոլոր առաջարկներն ընդունվել են կառավարության կողմից, բայց ընդդիմադիրների համար դեռ մնացել են վիճահարույց ու չկարգավորված հարցեր:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Գևորգ Պետրոսյան և Լուսավոր Հայաստանից Էդմոն Մարուքյանին:

Գևորգ Պետրոսյան ԲՀԿ․ «Պետք է կարևորել մի բան. Մարդու պատասխանատվությունը կախման մեջ դնել նրա դիտավորությունից: Վտանգավորությունը նրա դիտավորության մեջ է, որ մարդը հաստատապես իմանա՝ ում ինչ վնաս է պատճառում: Իսկ այս դեպքում ստացվում է, որ մարդը կարող է ոչ դիտավորյալ, բայց վարակել ասենք՝ հղի կնոջը: Այստեղ ծանրացնող է դրված: Հենց դրա մասին է խոսքը»:

Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյան․«Պետությունը հայտարարել է արտակարգ դրություն: Դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների ասեմ, տնտեսվարողների մոտ աշխատողների ասեմ գործունեությանը, և այդ միջամտությունից հետո որևէ ցուցում չկա, թե այս մարդիկ իրենց կրած վնասները ինչպես կարող են վերականգնել»:

Թեև վերջին պահանջը որևէ առնչություն չուներ ներկայացված օրենսդրական փաթեթի հետ, ամեն դեպքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշակի հստակեցում արեց.

«Իրականում մենք թիրախային ծրագրեր ենք քննարկում: Դուք գիտեք, որ վարչապետի գլխավորությամբ գործում է աշխատանքային խումբ, որը բոլոր ուղղություններով մշակում է նման թիրախային օգնության հնարավորությունները»:

Խորհրդարանում ընդունված օրենսդրական փաթեթի հետ կապված կա մի նրբություն. սահմանված «արտակարգ» կարգավորումները որևէ այլ արտարակգ դրության ժամանակ կիրառելի չեն:

Արդարադատության նախարարի բացատրությունը.

«Վտանգ կա համաճարակով այլ անձանց վարակելու, պետք է հետևանք առաջանա, որ այդ պատասխանատվության միջոցները կիրառվեն: Այսինքն՝ եթե լինի այլ դեպք, օրինակ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալել, այս պատասխանատվության միջոցները կիրառման ենթակա չեն, որովհետև սա կոնկրետ այս իրավիճակների համար է սահմանված»:   

Արդարադատության նախարարը, ի դեպ, այսօր հաստետեց, որ դիտարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հարցում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: 

Կարդացեք նաև

Back to top button