
25 մլրդ դրամ բիզնեսին աջակցության փաթեթ կգործարկվի, կպատրաստվի նաև 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության, և 80 մլրդ դրամի հիմնադրամ կստեղծվի, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը: Կառավարության նիստի մեկնարկին, խոսելով հետճգնաժամային գործողությունների փաթեթի մասին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ խնդիր չի դրված վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ այն լավն էր, այլ խնդիր է դրված «շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս»։
«Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա ու լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը։ Հասկանալի է, որ ճգնաժամը սոցիալական մարտահրավերներ է ևս ի հայտ բերելու ու պետք է առերեսվենք, համարժեք քայլեր ձեռնարկենք դրանց կապակցությամբ, կարևոր է, որ դրանք լինեն արդար, արդյունավետ, հասցեական»,- ասել է վարչապետը։




