
Կառավարության տեղեկատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ են հանդիպել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Առողջապահության փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչև շաբաթվա վերջ Հայաստանը կստանա ևս 5000 թեստ։
Հակամենաշնորհային մարմնի ղեկավարն էլ անդրադարձել է գնային փոփոխություններին և պարենային ապրանքների պաշարներին։ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, գնումներ կատարելու սահմանափակում ևս՝ վստահեցրել է հանձնաժողովի նախագահը, բայց նաև հորդորել է սպառողներին գնումներն անել խելամիտ ծավալներով։
Թոքաբորբով հիվանդ երկու քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Այս մասին այսօր՝ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Փոխնախարարի խոսքով՝ մեթոդական ուղեցույցներն են մշակել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով։
«Մեզ համար կարևոր է դեպքերը հայտնաբերել, իրականացնել թեստավորում, դրական արդյունքի դեպքում հոսպիտալացնել, բուժում տրամադրել, հայտնաբերել կոնտակտների սերտ շրջանակը, մեկուսացնել կամ ինքնամեկուսացնել։ 14 օրվա ընթացքում, եթե որևէ մեկի մոտ զարգանում է», հայտնեց Նանուշյանը։
Նա հստակեցրեց՝ թեստ հանձնում են ջերմություն, հազ ունեցող քաղաքացիները, նրանք, ովքեր ժամանել են ռիսկային երկրներից, ինչպես նաև կորոնավիրուս ունեցող քաղաքացիների հետ շփվածները։ Առաջիկա օրերին առողջապահության նախարարությունը ևս 5000 թեստ ձեռք կբերի։
«Այս պահին մենք ապահովված ենք թեստերի անհրաժեշտ քանակով»։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում ախտահանիչ նյութերի ու բժշկական դիմակների խնդիր կա։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցրեց՝ ախտահանիչ նյութերի համար անհրաժեշտ սպիրտի պաշարները բավարար են, սպիրտի գինը չի բարձրացրել, իսկ դիմակների գինը բարձրացել է ամբողջ աշխարհում։ Հայաստանը դիմակներ ներկրում է հիմնականում Չինաստանից ու ՌԴ –ից, ուստի ձեռքբերման գնի խնդիր կա։

«Այո, այստեղ գնի բարձրացում կա։ Մենք պահեստներում նայել ենք այն դիմակները, որոնք էժան են ձեռքբերվել, փորձել ենք վերահսկել, որ դրանք էժան վաճառվեն։ Իսկ հիմա դիմակի ձեռքբերման գինը բարձրացել է։ Երեկ արդեն 84 դրամով դիմակի մեծածախ գնի առաջարկ կար, այսինքն՝ գինն իջնում է»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
ՏՄՊՊՀ –ն օնլայն հարթակում բարձր գնով ալկոգել վաճառելու համար արդեն երկու վարույթ է հարուցել։ Ինչ վերաբերում է արտադրող երեք խոշոր տնտեսվարողներին , ապա ըստ հանձնաժողովի նախագահի՝ նրանցից ոչ մեկը գնային փոփոխություն չի արել։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերությունների հետ ամենօրյա կապի մեջ ենք։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ դրամ իրենց կողմից չի բարձրացվել, որ ՀՀ-ում ախտահանիչ նյութերի համար անհրաժեշտ սպիրտի պաշարը բավարար է։ Սպիրտի գինը ևս չի բարձրացվել է։ Եթե կունենաք փաստ, խնդրում եմ ցույց տվեք։ Խոշոր ցանցերը ալկոգելի գինը չեն բարձրացրել, երեք ամիս առաջ և այսօր ալկոգելի գինը նույնն է»,- ասաց Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ արտակարգ դրությունը չի նշանակում, որ խանութներն ու դեղատները պետք է փակվեն, Հայաստան էլ ապրանք չներմուծվի։ Ապրանքների գնման սահմանափակում չկա՝ ասում է հանձնաժողովի նախագահը, միաժամանակ սպառողներին հորդորում գնումներ անել խելամիտ ծավալներով։

«Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութներ գնալ,բայց այդ հերթերն ավելի մեծ խնդիր են։ Գնումներ կատարելիս խնդրում եմ հիշել, որ պարենային ապրանքները ժամկետ ունեն։ Եթե գնում են 4 արկող ձու դա ժամկետ ունի, գոնե ձվի մասով ավելցուկ ունենք։ Մենք սուպերմարկետներից նկարներ ունենք, որ մեզ փոխանցել են, որ, օրինակ, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ»,- նշեց պաշտոնյան։
Հանձնաժողովը 44 անուն ապրանքի պաշարների մոնիտորինգ կիրականացնի։ Առայժմ պարզել է, որ ամենաշատը վաճառվել է նպարեղենը։
«Այս պահին անհանգստացնող երևույթներ չկան։ Միակ խնդիրը օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է։ Երբեմն ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային գնումներ են կատարվում, բնական է, որ այդ պահին պետք է պահեստներից կարողանան տեղափոխել։ Սուպերմարկետների աշխատակիցները պետք է կարողանան այդ ամենը պահեստներից տեղ հասցնել»,- ասաց Գևորգյանը։
Ալյուր, ձեթ, կարագ, ցորեն, շաքարավազ․ պանիր, թթվասեր, առաջին անհրաժեշտության և ոչ մի ապրանքի խնդիր Հայաստանում չկա։
«Ալյուրը չի թանկացել, որոշակի թանկացում տեղի է ունեցել արտարժույթի տատանումով պայմանավորված՝ ներկրվող ապրանքների մասով։ Դա էլ ենք հսկողության տակ պահում, համեմատում ենք ապրանքների ու ինդեքսացիայի գները։ Մարզպետարաններում մոնիտորինգ ենք անում, որ հասկանանք իրավիճակը։ Չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գները մի փոքր կբարձրացնեն, սակայն հիմնականում վերահսկում ենք խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են հանրապետության սպառման գերակշիռ մասը»,- հավաստիացրեց ՏՄՊՊՀ նախագահը։
Հանձնաժողովը հետևում է, որ ապրանքների դեֆիցիտ ու գների բարձրացում չլինի։




