
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օպերային, բալետային ներկայացումները, համերգները ցուցադրվելու են թատրոնի Ֆեյսբուքի էջում:
«Հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են։ Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որ դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին և հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,- հայտարարել է Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Նա նշել է, որ այսօր՝ մարտի 17-ին, ժամը 20։00-ին, թատրոնի Ֆեյսբուքի էջում կցուցադրվի Կ. Խաչատրյանի «ՉԻՊՈԼԻՆՈ» բալետային ներկայացումը:
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։
Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։ Մտահղացումը Նարեկ Մանուչարյանինն է։

Թատրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Այսօր էլ նախատեսված է «Փայտե մարդը» ներկայացման ցուցադրությունը:
Ներկայացումները նախօրոք տեսագրվել են ու հեռարձակվում են ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Թատրոնը խստորեն հետևում է առողջապահության նախարարության ցուցումներին։
Հետևելով ՊՀԹ-ի ֆեյսբուքյան էջին կարող եք իմանալ ցուցադրության օրերն ու ժամերը։




