
Ինչպես արդեն հայտարարվել էր, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ մինչև մարտի 23-ը փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները, մշակույթի կենտրոնները։
«Ֆոտոլուր»- ը շրջել է Երևանի փողոցներում եւ ֆիքսել իրավիճակը։
Դատելով լուսանկարներից, հասկանալի է դառնում, որ մեր հասարակությունը զգուշավոր է և զերծ է մնում շփումներից։ Փողոցում գտնվող մարդիկ բժշկական դիմակներով են։ Սրճարաններն ու փողոցները՝ դատարկ։
Առանց այցելու են անգամ զբոսաշրջիկների սիրելի վայրերը՝ Վերնիսաժն ու Հանրապետության հրապարակը։
Ի դեպ, սոցցանցերում տարածում է գտել #ՄնաՏանը հեշթեգով գրառումը։
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում.
- Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի:












