ԿարևորՀասարակություն

Հայրիշխանությունը, մայրիշխանությունն ու գենդերային հավասարությունը՝ կենդանաբանական այգում

Առաքել Տոնոյան
«Ռադիոլուր»–ի համար

Երևանի կենդանաբանական այգու ամենաակտիվ բնակիչները` կապիկների 13 հոգանոց ընտանիքը։ Նրանք նման են հայկական ավանդական ընտանիքի, ավանդական հայրիշխանությամբ` ասում են այգու աշխատակիցները։ Թերևս միակ տարբերությունը արու կապիկի երկու կանանց առկայությունն է, որոնք ներմուծվել են Թբիլիսիի կենդանաբանական այգուց։  

Տարիների ընթացքում այգին բավականին փոխվել է, ինչն ակնհայտ է։ Նախկինում, կապիկների վանդակի դիմաց փոքրիկ լճակ էր, իսկ այժմ այն մեծացել է այնքան, որ սկյուռակապիկներն ու ջրլող թռչունները կացարան են գտել այնտեղ։

Այգու բանկիչներից կատվային լեմուրները տեսակով ևս աշխույժ են, սակայն կապիկների ընտանիքից տարբերվում են։

«Շատ աշխույժ ու հետաքրքիր կենդանիներ են։ Ի տարբերություն կապիկների, նրանց մոտ մայրիշխանություն է։ Այստեղ ընտանիքի ղեկավարը էգն է»,– ասում է այգու գիտամեթոդական բաժնի պատասխանատու Անահիտ Մանթոշյանը։

Հայրիշխանությունն ու մայրիշխանությունը սուրիկադների դեպքում չի գործում։ Այստեղ գենդերային հավասարություն է։ Անահիտ Մանթոշյանի խոսքով, նրանցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը։

«Շատ հետաքրքրասեր ու զգուշավոր կենդանիներ են։ Վայրի բնության մեջ, երբ ապրում են մեծ ընտանիքներով, ամեն մեկն իր գործառույթն ունի։ Այս երկուսի դեպքում էլ նույնը տեսնում ենք։ Կանգնում են բարձր տեղ, նայում՝ վտանգներ կան, թե ոչ։ Եթե բարձր ձայն են լսում, միանգամից զգուշացնում են մյուսներին և մտնում են ապահով տեղ։ Եթե կապիկների մոտ գլխավորը որձն է և նրանք են որոշում ՝ ինչ պետք է անել, ապա սուրիկադների մոտ և որձը, և էգը ունեն առանձին գործառույթներ։ Անցքերի մի մասը աշխատակիցներն են փորել, մյուս մասը հենց իրենք, որպեսզի ոչ ոք չիմանա, թե այդ ճանապարհն ուր է տանում»,– պատմում է Մանթաշյանը։

Չնայած անհաշտ, բայց այգու հարգելի բնակիչներից են նաև վագրեր Գերդան և Լիլիթը։ Նրանց անհաշտության պատճառը կանացի նախանձն է։ Անահիտի խոսքով, երկուսն էլ էգ են։

« Իրենք բաց են թողնվում հերթականությամբ, քանի որ երկուսն էլ էգ են և տարբեր տեղերից  են բերված, դրա համար էլ չեն կարողանում հաշտ մնալ։ Վագրի պարագայում միսը հանգիստ կարող ես կապել պարանից, քանի որ շատ լավ ցատկում է` ի տարբերություն առյուծի»,– նշում է այգու գիտամեթոդական բաժնի պատասխանատուն։

Այգում կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, որոնք հարմարեցված են կենդանիների կեցության բնական պայմաններին: Ազատավանդակներից մեկի սեփականատերերը գայլերն ու արջերն են։ Այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանի խոսքով, բնական միջավայր են փորձել ստեղծել։

«Մենք փորձել ենք այս ձևով նմանեցնել բնությանը, որովհետև բնության մեջ նրանք համատեղ ապրում են նույն տարածքում։ Եվ քանի որ մենք ունեինք այդ հնարավորությունը` մեծ տարածքը, և նրանք միմյանց չեն խանգարում, փորձեցինք միացնել»,– ասում է կենդանաբույծը։ 

Առյուծների նկատմամբ մեծ հարգանք կա ոչ միայն բնության մեջ, այլև կենդանաբանական այգում։ Ուստի ազատավանդակներից մեկը չէր կարող բաժին չհասնել նրանց։ Այգում կա 6 առյուծ, որոնցից միայն մեկն է որձ։ Ասում են, որ էգ  առյուծը իր ֆիզիկական կարողություններով գերազանցում է որձին։ Երբ լսում եմ Անահիտ Մանթոշյանին, անկախ ինձնից պատկերացնում եմ շախմատի արքային եւ թագուհուն։

«Որձերը որս անել չգիտեն, այսինքն ֆիզիկական կարողություններով էգերը գերազանցում են նրանց։ Էգերը գնում, որսը անում, բերում են։ Սկզբում ամենալավ, ամենամեծ ու հյութալի կտորը վերցնում և ուտում է որձը, հետո նոր իր սիրելի էգը ու հետո նոր մնացածը։ Չնայած այստեղ նրանք որսի խնդիր չունեն, բայց այնուամենայնիվ, երբ էգը գնում վերցնում է ուտելիքը, որձը գալիս, ասում է սա իմն է և վերջ։ Այսինքն` էգը պետք է գնա ուրիշը վերցնի։ Դրա համար միշտ ավելի շատ կտորներ է դրվում առյուծների համար, քան իրենց թվաքանակն է, որպեսզի այդպիսի խնդիր չառաջանա։ Օրական յուրաքանչյուրը 10 կգ միս է ուտում»,– նշում է այգու աշխատակիցը։

Ի դեպ, ուտելու մասին։ Կենդանիներին հենց այնպես չեն կերակրում։ Ինչպես բնության մեջ, այստեղ էլ նրանք պետք է գտնեն իրենց կերը։ Բայց միայն գտնելը բավարար չէ։ Դրանից զատ նրանք պետք է կարողանան վերցնել իրենց ուտելիքը՝ հաղթահարելով արհեստական խոչընդոտները։ Ընդ որում, դրանք էլ պարբերաբար փոփոխվում են։ Գիտամեթոդական բաժնի պատասխանատուի հավաստմամբ, դա օգնում է, որ կենդանիները չծուլանան։

«Զբաղվածություններն անընդհատ փոփոխվում են, քանի որ կենդանին, եթե մեկին սովորեց, վերջ, իրեն դա այլևս հետաքրքիր չի։ Դա իր համար դառնում է առօրյա, ձանձրալի ինչ-որ բան։ Բայց եթե անընդհատ փոփոխում ես, նա մտածում է՝ լավ, նոր դժվարություն, փորձենք հաղթահարել։  Այդ ամենն իրեն էլ է հետաքրքիր։ Եթե վերաբերվում է գիշատիչներին, ասես  որսի իմիտացիա լինի»,– ասում է Մանթոշյանը։

Պարզվում է` կենդանաբանական այգու բնակիչներն էլ են պատրաստվում կանանց միամսյակին։ Մինչեւ ապրիլի 7- ը այգու էգ կենդանիներին տարբեր  բանջարեղեններից պատրաստված փնջեր կնվիրվեն։ Ովքե՞ր կնվիրեն, ինչպես կնվիրեն։ Աշխատակիցները նվերի մասին խոսեցին, բայց չակերտները չբացեցին, ասացին` անակնկալ է։

Կարդացեք նաև

Back to top button