
Համահայկական գեղեցկության փառատոն․ գեղեցկություն ստեղծող աշխարհի լավագույն վարպետներին այս փառատոնը Երևանում կհամախմբի աշնանը։
Ծավալուն միջոցառման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այդ նպատակով այս օրերին Երևանում է նախաձեռնության հեղինակներից նիդերլանդահայ պրոդյուսեր Ժակ Մարտիրոսովը։
Սեպտեմբերի 18-21-ը Հայաստանում կկայանա գեղեցկության համահայկական փառատոն։ Մարդկանց գեղեցկություն պարգևող մասնագիտության տեր հայ վարպետները՝ ամբողջ աշխարհից, կմրցեն լավագույնի տիտղոսի համար տարբեր անվանակարգերում՝ վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում և այլն։ Նախաձեռնության հեղինակներից հոլանդահայ Ժակ Մարտրիրոսովն այս օրերին Երևանում է՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով։
«Առաջին՝ բացման օրը, ելույթ կունենան աստղեր ինչպես Հայաստանից, այնպես էլ դրսից։ Հրավիրված են նաև աշխարհահռչակ դիջեյներ, որովհետև ուզում ենք ավարտել պարային հրաշալի երեկոյով։ Երկրորդ օրը կանցկացնենք մրցույթը։ Կմրցեն հայ լավագույն վարպետները, որոնք ամբողջ աշխարհում սփռված ապրում և գործում են։ Հայերս միմյանց հետ կմրցենք, որպեսզի պարզենք, թե ով է լավագույն հայ վարպետն աշխարհում»։

Այս պահի դրությամբ միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 650 մարդ ամբողջ աշխարհից։ «Բոլորն էլ ոգևորված են, որ փառատոնի օրերին վայելելու են Հայաստանը։ Միաժամանակ՝ աշխարհին ապացուցելու են, որ հայ վարպետները լավագույնն են»,- առանց ավելորդ համեստության վստահեցնում է Ժակ Մարտիրոսովը։
«Գեղեցկության Լավագույն սրահները՝ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, հավատացեք, հայերն են ղեկավարում։ Եթե անգամ չեն ղեկավարում, ապա նրանց լավագույն վարպետը հայ է։ Իսրայելում այսպիսի բան եմ տեսել՝ եթե սրահին պետք է վարսավիր, դռան վրա գրում են՝ փնտրում ենք վարսավիր, եթե նա լինի հայ, շատ ավելի լավ։ Մենք ունենք կենդանի լեգենդ Վաժա Մխիթարյան, որի մասին գրում են միջազգային լրատվամիջոցները»։
Վաժա Մխիթարյանի ստեղծած վարսահարդարման տեխնիկական մեթոդները կիրառում են աշխարհի լավագույն սրահներում։ Երկար տարիներ հենց նրան են իրենց գեղեցկությունը վստահել Մարգարետ Թետչերը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ը, Վալենտինա Տերեշկովան, Ելենա Օբրազցովան, Ստալինի դուստրն ու թոռը, ռուսական քաղաքական էլիտայի բազմաթիվ կանայք։ Չնայած նշված հայտնի անուններին, ինքը՝ Վաժա Մխիթարյանը, հարցազրույցներից մեկում խոստովանել է․ «Յուրաքանչյուր կնոջ, որը հայտնվել է իմ վարսավիրական բազկաթոռի մեջ, ես ընդունել, սպասարկել և ճանապարհել եմ՝ ինչպես թագուհու»:

Վաժա Մխիթարյանը CMC միջազգային կազմակերպության փոխնախագահն է, աշխարհի 12- անգամյա չեմպիոն, «Դե Վաժան» կազմակերպության հիմնադիր տնօրենը։ Մխիթարյանը, ի դեպ, այսօր ժամանել է Հայաստան։ Նա ևս փառատոնի նախաձեռնողների խմբում է։ Փառատոնի ժյուրին միջազգային է։ «Թող ուրիշները որոշեն, թե հայերից ովքեր են լավագույննները»,-ասում է Ժակ Մարտիրոսովը․
«Իտալիայում գոյություն ունի ակադեմիա, ինչպես օրինակ Օսկարն ունի իր ակադեմիան։ Այդ ակադեմիայի՝ տարբեր երկրների կառույցների ղեկավարներն են մեր ժյուրիի անդամները»։
Փառատոնի ժյուրին միջազգային է, բայց մասնակիցներն առայժ միայն ազգությամբ հայեր են։ Հետագայում ցանկություն ունեն փառատոնը դարձնելու միջազգային, ինչը, ինչպես համոզված է զրուցակիցս, կնպաստի Հայաստանում ոչ միայն ոլորտի ծաղկմանը, այլև զբոսաշրջության զարգացմանը։

Ժակը, ի դեպ, 1990 թվականին Հայաստանից Հոլանդիա է մեկնել որպես իրավաբան։ Այնտեղ վերապատրաստվել ու երկար տարիներ զբաղվել է պրոդյուսերական գործունեությամբ։ Համագործակցել է պրոդյուսերի հետ, որը ստեղծել է այսօր ամբողջ աշխարհում հայտնի «Հոլանդիայի ձայնը» նախագիծը։
«2013 թվականին ստացա առաջարկ լինելու պրոդյուսերն ու նաև պարուսույցը ռոբոտբների շոուի, որը իր տեսակի մեջ առայժմ միակն է աշխարհում»։
«Ամստերդամը ռոբոտների քաղաք» նախագիծը ներկայացվել է աշխարհի տարբեր քաղաքներում։ Զրուցակիցս նշում է, որ չափազանց մեծ էր ցանկությունը նախագիծը նաև Երևանում ներկայացնելու, բայց շուկան այստեղ փոքր է, իսկ ծախսերը բավականին մեծ էին։




