ԿարևորՄշակույթ

Մարտի 1-ի դեպքերը` բեմում․ «Որբանոցը» ներկայացվել է «Արտավազդ»–ի

Մարտի 27-ին տեղի կունենա «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որին Գորիսի Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրել է երկու բեմադրություն։ Մեկը՝ «Վրիժառուն», մոնոներակայացում է, մյուսը՝ «Որբանոցը», պատմում է Մարտի 1-ի և դրան հաջորդող դեպքերի մասին։

-Նոյ ո՞ւր ես։

-Այստեղ

-Հա, եղավ, լավ։ Լույսն անջատեցիր՝ երաժշտությունը լսի, հենց երաժշտությունը սկսվեց բեմը սկսվեց պտտվել։

Ռեժիսորն ասաց, բեմի շարժիչը սկսվեց պտտվել։ Պտտվող բեմը առաջին պլան բերեց դերասաններին, ովքեր իրենց  կերպարների միոջոցով ներկայացնելու են մարտի 1-ի և դրան հաջորդող դեպքերը։ Գործուղությունները տեղի էին ունենում երևանյան մի տանը, սրճարանում, փողոցում, դրա համար էլ ռեժիսորն օգտագործել  է առատ դեկորացիա, ռեկվիզիտ։ Կա երժշտական ու լուսային դինամիկ ձևավորում։

Բեմ բարձրացած «Որբանոց» բեմադրությունը, որպես երիտասարդ ներկայացում ներկայացվել է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությանը։ Դերասանները նշում են, որ այս ներկայացման ասելիքը մեծ է, մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին է։

«Կարևոր մեխն ինձ համար հայրենիքն ու պետությունն է, թե ոնց է գրողը տարանջատել իրարից, ոնց է կարողացել հայրենիքը պահել մի կողմում, պետությունը բերել առաջ՝ մարտիմեկյան դեպքերով։ Փորձում ես փոփոխւթյուն տեսնել, որ գործընթացը սկսված է այդ ամեն ինչը բացահայտելու համար, ուզում ես հավատալ»,– պատմում է դերասան Միքայել Մաշուրյանը։

Պայքարող Սոնայի դերում երիտասարդ դերասանուհի Թեհմինա Աբրահամյանն է։ Սոնայի կերպարը իր համար նորություն էր, ինչ-որ չափով փորձություն, քանի որ հիմնականում համեստ կանանց է մարմնավորել, մինչդեռ Սոնան համարձակ է, անարդարությունը չհանդուրժող։

«Իր ընկերների հետ միասին պայքարում է մեր երկրում տիրող անարդարությունների դեմ, սակայն նրանք պարտվում են, ցավոք սրտի։ Իսկ վերջում նրանք բոլորը լքում են հայրենիքը։ Սոնան՝ որպես ուժեղ կերպար, որպես հաստատակամ մարդ, մնում է իր երկրում։ Մենք ներկայացնում ենք 2008 թվականի շարժումները, որի ժամանակ, ինչպես գիտենք, ժողովուրդը պարտվեց»,–նշում է դերասանուհին։

Փողկապ, կոստյում, սրանք թերևս պաշտոնյայի կենսակերպի անբաժանելի մասնիկներն են։ Պարտադիր բաղադրիչ են նաև սև ու մութ գործերը։ Դերասան Աշոտ Օհանջանյանը մարմնավորում է պատգամավորի։

«Ժամանակը թելադրում էր այնպես, որ պետք էր թաթախված լինել այդ մութ ու սև գործերի մեջ։ Կերպարս ունի երկու ես։ Առաջինն այն է, որ ենթարկվում է իշխանությանը և ստիպված բացասական քայլերի դիմում, իսկ մյուս եսը ընկերասիրությունն է։ Ես միաժամանակ չեմ կարող լինել այդ երկուսի կրողը, որովհետև պաշտոնս թույլ չի տալիս դառնալ այնպիսին, ինչին ձգտում էի։ Անկախ մասնագիտությունից ու կարիերայից՝ մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ունենան արժանապատվություն»,– ասում է Օհանջանյանը։

Թատրոնի ռեժիսոր Ասյա Սիրեկանյանի խոսքով՝ Գորիսի պետթատրոնի համար մրցանակաբաշխությանը ստեղծագործություն ներկայացնելը մեծ պատասխանատվություն է։

«Կարևոր է այնքանով, որ նախ մրցանակաբաշխության շրջանակում հնարավորություն կունենան  թատրոնի գործունեությունը և ձեռքբերումները ներկայացնել, ինչպես նաև ցույց տալ երիտասարդ դերասանների մշտական զբաղվածությունը, ներկայացման միջոցով լսելի դարձնել նրանց այսօրվա ասելիքը»,– նշում է Սիրեկանյանը։

Թատրոնը «Արտավազդին» կներկայացնի նաև մոնոներկայացում։

«Վրիժառուն» մոնոներկայացումը դավաճանված ամուսնու մասին է, ով որոշում է կնոջից վրեժ լուծել, սակայն նրա ապրումները հանգեցնում են հոգեկան խանգարման»,– ռեժիսոր Ասյա Սիրեկանյանը։

«Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։

Կարդացեք նաև

Back to top button