
Գյումրու դրամատիկական թատրոնի գարնանային նորույթը մոնոներկայացումերն են, երկար տարիների դադարից հետո: Անկախ բեմադրած պիեսի վերնագրից, յուրաքանչյուր դերասանի մոնոներկայացումը կոչվելու է հենց դերասանի անունով:
Առաջինը «Հասմիկ»–ն էր: Մոնոներկայացումը կներկայացվի «Արմմոնո» փառատոնին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում Հասմիկ Սուվարյանն է և առաջին մոնոներկայացումը՝ «Հասմիկ»–ը, Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի հիման վրա, երաժշտությունն էլ Ռոբերտ Ամիրխանյանինն է:
Չասված խոսքերի, ինքն իր հետ պայքարի, հոգեբանական խարան դարձած մանկական հիշողությունների, զղջումի հույզերը փոխանցելով հայելիներով կահավորված ու կիսախավար բեմից, դերասանուհին վստահ է, որ ուղերձը տեղ կհասնի:
«Թվում է, թե ներկայացումը միայն կնոջ մասին է, բայց ես այդպես չեմ կարծում: Եթե այստեղ ներկայացրած է աղջկա և հոր փոխհարաբերություններ, նույնը վերաբերում է տղայի և մոր փոխհարաբերությանը, փոխհարաբերություններին ծնողների և երեխաների միջև, ինչը հետագայում ծանր հետք է թողնում ճակատագրերի վրա: Մեծահասակ մարդիկ ապրում են, բայց իրենց հետ քարշ են տալիս մանկության ծանր հետևանքները: ես ուզում եմ, որ ներկայացումը դիտող յուրաքանչյուր մարդ խոսի ոչ թե իմ լավ կամ վատ բեմադրելու մասին, այլ սկսի սեփական կյանքի մասին մտածել, կարողանա վերջում խոսել այն մարդկանց հետ, ում հետ մինչ այժմ համարձակություն չի ունեցել»,– պատմում է դերասանուհի Հասմիկ Սուվարյանը:

Բեմադրող ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն ասում է, յուրաքանչյուր մոնոներկայացման հիմքում կարևորը դերասանի ճիշտ ընտրությունն է:
«Թատրոնն ունի միտք, որ Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում լինելու են ներկայացումների շարք և տվյալ ներկայացումները կրելու են տվյալ դերակատարի անունը: Սա ձևաչափ է, որը մշակվում է և հիմքն արդեն դրվեց»,– ասաց բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը:
Գյումրու դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շուրջ 2 տասնամյակ թատրոնում է և իր գալուց ի վեր «Հասմիկ»–ն առաջին մոնոներկայացումն է, ասում է իր համար սկզբունքային է, որ թատրոնը նաև մոնոներկայացումների շարք ունենա:
«Առնվազն 5 մոնոներկայացում պետք է լինի, որտեղ հանդիսատեսը գալիս է իր դերասանի մոնոներկայացումը դիտելու: Սա նաև մեզ համար է հետաքրքիր, թե արդյոք տվյալ դերասանն ունի իր հանդիսատեսը և կարող է արդյոք մոնոներկայացում խաղալ, որովհետև ինքն իր ժանրով շատ բարդ է: Մոտ 20 տարի մենք չունեինք «Շեքսպիր», մենք պետք է ունենայինք նաև «Շեքսպիր», տվյալ դեպքում նաև մոնոներկայացում մեր խաղացանկում, որն իր բեմադրաոճով մի քիչ տարբերվում է»,– ասում է Լյուդվիգ Հարությունյանը:
Մոնոներկայացումը կշրջի հյուրախաղերով, կմասնակցի «Արմմոնո» փառատոնին: Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ Եվրոպայում մոնոներկայացումների փառատոնները բազմազան են և իրենք նպատակ ունեն այդ փառատոններին ներկայացնել հայկական դրամատուրգիան:




