Միշտ չէ, որ հաղթում է ցածր գին առաջարկողը․ գնումների գործընթաց
«Պետական գնումների գործընթացում միշտ չէ, որ նախապատվությունը տրվում է ցածր գին առաջարկողին»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ ընկերություն ցածր գին է առաջարկում, բայց չի բավարարում պատվիրատուի կամ մրցութային հանձնաժողովի պահանջները, հայտը մերժվում է։
2019–ին ավելացել են մեկ անձից կատարվող գնումները ։ Սերգեյ Շահնազարյանը սա պայմանավորել է հրատապ գնումներով։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է նաև միջազգային կառույցների կողմից գնումների գործընթացին առաջադրվող պահանջներին։
«Վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացվում են միջազգային դոնոր կազմակերպությունների ընթացակարգերով։ Քանի որ դոնորները տարբեր են, տարբեր են նաև ընթացակարգերը, ինչը բարդացնում է գործընթացը», – ասել է Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հետ Հայաստանը բանակցություններ է սկսել գնումներն ազգային ընթացակարգերով անցկացնելու հարցի շուրջ։ ՀԲ մասնագետները գնահատել են մեր երկրում գործող ընթացակարգերը և ներկայացրել իրենց առաջարկությունները։ Դրանց մի մասը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ և ներառվել է փետրվարին շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթում։
«Սա հետաքրքիր փորձ է․ Հայաստանն առաջին երկիրն է, որը ստացել է նման մեթոդ կիրառելու հնարավորություն»,– ասել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։