ԿարևորՀասարակություն

Բժշկական դիմակների պահանջարկը նվազել է․խուճապը հաղթահարված է

Հայաստանում բժշկական դիմակների պակաս դեռ շարունակվելու է զգացվել։ Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է բժշկական դիմակների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Մեդպրո» ընկերության տնօրեն Արտավազդ Օհանյանը։

Նրա գնահատմամբ՝ բժշկական դիմակների պակասը լիովին հնարավոր կլինի լրացնել հուլիսից հետո միայն, այն էլ, եթե հիմնական արտադրող երկրում՝ Չինաստանում իրավիճակը կայունանա։ Արտավազդ Օհանյանը, միաժամանակ, նկատել է, որ վերջին օրերին դիմակների պահանջարկն էլ նվազել է, քանի որ խուճապը  հաղթահարված է։

Ի տարբերություն մարտի սկզբների՝ հիմա բժշկական դիմակներ որոշ դեղատներից հնարավոր է ձեռք բերել, որոշներից գնելն էլ, կարծես, շարունակում է մնալ անիրատեսական։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր Տնօրեն Արտավազդ Վանյանը վստահեցնում է. «Որոշակի քանակի դիմակներ նախարարությունն ինքը ունի եւ հիմա գործընթացներ են տարվում՝ լրացուցիչ դիմակների քանակներ ձեռք բերելու համար»։  

Բժշկական դիմակների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Մեդպրո» ընկերության տնօրեն Արտավազդ Օհանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Հայաստանում այս պահին էլ, թեպետ որոշ տեղերից ինչ-որ քանակներով բժշկական դիմակներ ներկրվում է, սակայն լուրջ մատակարարումներ դեռեւս չկան։  

Ներկրված փոքր քանակությունների սպառման պատկերն էլ կախված է պահանջարկի իրավիճակից։ Օհանյանը նկատում է, որ ի տարբերություն մարտի սկզբների՝ հիմա խուճապ չկա եւ պահանջարկն էլ կարծես մեծ չէ։  

«Երբ կորոնավիրուսով առաջին հիվանդը հայտնաբերեցին Հայաստանում, հաջորդ օրը ահավոր խուճապ էր, բոլորը անխտիր դիմակներ էին առնում, զանգում-պահանջում էին անհատները, նաեւ՝ մեծ ֆիրմաները, իսկ հիմա նման բան չկա։ Եթե էն ժամանակ, օրական, 40 հոգի էր մեզ զանգում, դիմակ ուզում, էսօր, օրինակ, մարդ չի զանգել կամ՝ մաքսիմում մեկ կամ երկու հոգի են զանգում»։  

Արտավազդ Օհանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում բժշկական դիմակների դեֆիցիտն, ըստ էության, երկրորդ էտապով սկսվեց։ Նա նկատեց, որ մարտի 1-ին, երբ առաջին կորոնավիրուսով հիվանդացածության դեպքը հայտնաբերվեց եւ հաստատվեց՝ որոշակի խուճապ մարդկանց մոտ առաջացավ. «Բոլորը սկսեցին ինչ-որ պահից դիմակ պահանջել, բայց դիմակներ չկային Հայաստանում այդքան։ Որոշ լրատվամիջոցներ ասում էին, թե տնտեսվարողները մտածված չեն վաճառում, որպեսզի արհեստական ինչ-որ իրավիճակ առաջացնեն եւ, իբր, գինը բարձրացնեն, բայց իրականում նման բան չի եղել։ Ուղղակի՝ Հայաստանում դիմակ չի եղել»։ 

Աշխարհում բժշկական դիմակների ամենամեծ արտադրողը հենց Չինաստանն է, որի արտադրական հզորությունն օրական կազմում է 20 միլիոն դիմակ։ Մինչդեռ արտադրողների գնահատմամբ՝ միայն ներքին պահանջարկն օրական մոտ 50-ից 60 միլիոն է կազմում Չինաստանում: Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը համընկավ Չինական նոր տարու հետ, երբ ամբողջ արդյունաբերությունը տոնական հանգստի մեջ էր։ Արտավազդ Օհանյանի նկարագրմամբ՝ հենց այդտեղից էլ սկսվեց դիմակների շղթայական պակասորդը։   

«Մեծ պահանջ առաջացավ։ Գումարած՝ պահանջ առաջացավ նրա հետ կապված, որ  Չինաստանի իշխանությունները պարտադիր՝ օրենքով ստիպեցին, որ մարդիկ հասարակական վայրերում, դրսում դիմակներ կրեն եւ դա պարտադիր պայման էր։ Նրանք սկսեցին օգտագործել պահեստներում եղածը, որից հետո սկսեցին գնել այն երկրներից ու այն ֆիրմաներից, որոնց մինչ այդ վաճառել էին։ Այդ թվում՝ նաեւ Հայաստանից սկսեցին մեծ քանակով առնել։ չնայած՝ իրենք ուղիղ չեն առնում, այլ՝ որպես կանոն ռուսական միջնորդ ֆիրմաներն էին դրանով զբաղված։ Այսինքն՝ արտահանվում էր Ռուսաստան, որից հետո մեծ խմբաքանակներով Չինաստան էր նորից գնում»։    

Մատակարարումները Չինաստանից չեն կարգավորվել, քանի դեռ Չինաստանն իր ներքին շուկան չի բավարարել՝ արտահանման անցնելու համար։ Այսինքն, դիմակների գինը հենց Չինաստանում էլ բավականին բարձր է շարունակում մնալ։ Օհանյանի փոխանցմամբ՝ եթե ներմուծումներ էլ լինեն Հայաստան, ապա ավելի թանկ գնով կլինեն, քան մինչ հիմա է։ Ինչ վերաբերում է Հայաստանում բժշկական դիմակների արտադրություն կազմակերպելուն, ինչի մասին օրերս խոսեց նաեւ առողջապահության նախարարը։  

Արտավազդ Օհանյանը մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ բժշկական դիմակներ արտադրելու փորձեր այս պահին արվում են, բայց դա ոչ լուրջ մակարդակով, քանի որ, ըստ նրա, լուրջ արտադրական հոսքագծեր Հայաստանում չկան։        

Կարդացեք նաև

Back to top button