
Գյումրիում երեկ տեղի ունեցած դեպքից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 13-ամյա աղջկա կյանքի համար պայքարում են Երեւանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի բժիշկները: Երեկ նրան ռեանիմոբիլով Գյումրիից տեղափոխել էին Երեւան։
«Աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, ունի որովայնի սալջարդ, փքվածություն, գլխուղեղի սալջարդ, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար: Գյումրիում ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո որոշում է կայացվել տեղափոխել Երևան: Ռեանիմոբիլում ճնշման անկում է եղել, որը տեղում կարգավորվել է: Այս պահին աղջիկը շնչում է արհեստական շնչառության ապարատով: Այսօր նախատեսվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա կատարել գլխից մինչև որովայնի հատված, որից հետո նոր մանրամասներ կարող ենք հայտնել»,- ասել է Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Երեւանում պայքարում են աղջկա կյանքի համար, Գյումրիում փնտրում են խնամակալներ։ Մայրը երեկ սպանվել էր Գյումրիում՝ կենցաղային հողի վրա, հարեւանների պատմելով՝ 2 տարի առաջ մահացել էր ընտանիքի հայրը։ Հարազատներից որեւէ մեկը չի ստանձնել դեռահասի խնամակալությունը, մոր հարազատներին էլ չեն կարողանում գտնել։




