
Ծաղկաձորում եմ։ Պատահականության սկզբունքով այցելում եմ քաղաքի տարբեր մասերում գտնվող հյուրանոցներ՝ տեսնելու արդյո՞ք զբոսաշրջիկները զանգվածային ձևով լքել են հանգստյան գոտիները։ Մտնում եմ առաջին հյուրանոցը, այստեղ մեզ ասում են, որ տնօրենը տեղում չի. հետևաբար ոչ –ոք չի կարող մեր հարցերին պատասխանել։ Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ հյուրանոցը դատարկ է։ Հաջորդ հյուրանոցում համաձայնում են հարցազրույցի, բայց առանց լուսանկարահանման։
Ասում են` երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխել են Ծաղկաձոր՝ խուճապ սկսվեց ու հանգստացողները մեկ օրում հեռացան այստեղից։
«Վերջին այցելուներն են գնացել հյուրանոցից, այս պահին ամբողջությամբ դատարկ է, ամրագրումներ էլ չունենք», — ասում է հյուրանոցի աշխատակիցներից մեկը: «Շատերը վախեցել են վարակից, բայց կարծում եմ վախենալու բան չկա»
Այցելում եմ մեկ այլ հյուրանոց։ Այդ պահին հյուրանոց են մուտք գործում հանգստացողներ։ Մեզ հետ զրույցում նշում են, որ մտավախություն չունեն. ի ՞ նչ տարբերություն, եթե այդ անձանց պահեին Երևանում, մի՞թե Երևանից պետք էր հեռանալ։ Հյուրանոցի մենեջեր Լիաննա Ամիրյանն էլ ասում է, որ խուճապը եղել է միայն առաջին օրը։
«Այս պահի դրությամբ նորմալ է, իրենք սարի գլխի վրայի հյուրանոցում են, բավականին հեռու են Ծաղկաձորի կենտրոնից։ Ամրագրումներ կային, որ չեղարկեցին, բայց չեն նշել, որ վիրուսի համար են արել։ Իսկ զբոսաշրջային սեզոնը լինում է այնքան ժամանակ, քանի դեռ ձյուն կա»։
Քայլում եմ Ծաղկաձորի փողոցներով, զրուցում եմ պատահական անցորդների հետ։ Նրանք պատմում են, որ լուրը տարածվելուն պես բոլորը գնացին Ծաղկաձորից։
«Երեւանցիները ավելի վախեցած են, քան` ծաղկաձորցիները։ Այն օրը Երեւան էի գնացել, ասացի Ծաղկաձորից եմ, մեկ էլ մեկն ասում է՝ վայ շուտ–շուտ մասկաները դրեք»,- պատմում է բնակիչներից մեկը:
«Պետք չի մտածել տուրիստների մասին, չէ՞ որ մենք էլ ենք այստեղ ապրում։ Չպետք է բերեին Ծաղկաձոր, այն այլևս տուրիստական քաղաքի նման չէ։ Ոչ թե չպիտի հրապարակվեր, այլ պետք է տանեին այնպիսի վայր, որ զբոսաշրջային չլիներ։ Մենք այսօր տուն պահելու խնդիր ունենք։ Ես տաքսի եմ քշում, ամբողջ օրը կանգնած եմ, մի հոգի մարդ չկա»։
Կոտայքի տարածաշրջանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ ասում է, որ այս ընթացքում նաև Կոտայքի մարզպետն է հանդիպել բնակիչների հետ, փարատել նրանց մտավախությունները։
Ըստ պատգամավորի` բնակիչներն ըմբռնումով են մոտեցել։ Պատգամավորը նշում է, որ տեղանքն ընտրել են կառավարության գործընկերները, քանի որ գրեթե միակ պետական օբյեկտն է, որն ուներ համապատասխան հնարավորություններ և տեղակայված էր բնակչությունից հարմար հեռավորության վրա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ այսօր իր ֆոյսբուքյան էջում գրել է, որ այցելել է հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։
«Բոլորն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- հայտնել է նախարարը։




