
Ազատեկի հանքավայրի շահագործման վերաբերյալ նախորդ շաբաթ կայացած հանրային լսումներից հետո զարգացումներ են եղել։ Հանքի շահագործմանը դեմ բնապահպանները պնդում են, որ Վայքի համայնքապետարանը նախնական համաձայնություն է տվել հանքի շահագործմանը։
Փետրվարի 28- ին Վայքի ավագանին նախնական համաձայնություն է տվել, որ Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերվեն։ «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնության եւ Հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանն ասում է, որ նիստի մասին համայնքի պաշտոնական կայքում իրազեկումը տեղադրվել է կայանալուց երկու օր առաջ, այնինչ պետք է տեղադրվեր մեկ շաբաթ առաջ։
Չի նշվել նաեւ օրակարգը։ Ըստ Ռուզան Ղազարյանի` հանքի շահագործմանը դեմ արտահայտվողներից քչերն են մասնակցել նիստին։ Փոխարենը` ներկա են եղել հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները։ Ավագանին որոշել է հարցի քննարկումը հետաձգել եւ դրան անդրադառնալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման` ՇՄԱԳ- ի արդյունքներն ստանալուց հետո։
«Արդեն փաստացի կայացած որոշում, որ իբրև 6 ավագանիներ կողմ են արտահայտվել, մեկը դեմ է եղել։ Բայց մենք զրուցեցինք ավագանիների հետ, իրենք ասացին, որ երկուշաբթի իրենց կանչել են և իրենք միայն ստորագրել են։ Քանի որ այդ օրը չի եղել քվեարկություն»։
Վայքի «Աշխատանք և հայրենիք» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանն է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է` մինչեւ ավագանիում հարցի քննարկումը պետք է հանրային չորս լսում կազմակերպվեն, տեղի է ունեցել միայն մեկը։
«Համայնքապետարանը դրսևորել է անհասկանալի շտապողականություն և կասկածելի օրինականությամբ նման որոշում է կայացրել։ Ավագանիները հնարավոր է որոշակի ճնշման տակ ստորագրել են։ Ավագանու կին անդամ Մերի Ջանոյանը դեմ է արտահայտվել և չի ստորագրել։ Ինքը բանավոր է փոխանցել է իր կարծիքը»։

Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքում է Ռուզան Ղազարյանի պնդումները, ասում է` ավագանին հանքը շահագործելու համաձայնություն չի տվել, այլ «Վայկ ինվետս» ընկերությունը Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պետք է ձեռք բերի փաստաթղթեր։
«Կազմակերպությունն ընդամենը դիմում է տվել նման գործողություն իրականացնելու համար։ Մենք դեռ չգիտենք, թե դա ինչ կազմակերպություն է։ Ինչ ընթացք կունենա։ Եվս 3 հանրային քննարկում նախատեսվում է։ Իհարկե, օրենքով ինչպես կա, այդպես էլ պետք է անեն։ Այդ ո՞վ է ասել, որ իրենց միանգամից պետք է լիցենզիա տրամադրվի»։
Մուշկամբարյանը նշեց, որ եթե պարզվի, որ հանքի շահագործումը վտանգավոր է, ապա առաջինն ինքը դեմ կլինի դրան։
«Այնպես չի, որ ես կողմ եմ, որ հանքը բացվի, բայց այնպես էլ չի, որ ես կողմ եմ, որ չբացվի։ Ես ոչ կողմի պատասխանն ունեմ, ոչ էլ դեմի»։
«Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի անդամները համայնքի ղեկավարին էին փոխանցել բնակիչների 400 ստորագրությամբ հանրագիր` պահանջելով արգելել Վայքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ։ Համայնքապետարանն ստացել է հանրագիրը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը վստահեցնում է` ավագանին պարտադիր պետք է լսի քաղաքացիներին հուզող հարցերը, առանց դրա որևէ հարց չի քննարկվելու։ «Ռադիոլուրը» որևէ կերպ չկարողացավ կապվել ընկերության ներկայացուցչի հետ։




