
95 կողմ, 0 դեմ, 12 ձեռնպահ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը:
Գործող օրենքի համաձայն՝ սահմանը հատող մարդը կարող է դեղեր տեղափոխել, սակայն արգելվում էր այն փստով ստանալ: Իսկ նոր կարգավորմամբ առաջարկվում է թույլ տալ դեղամիջոցներ ստանալ փոստային ծառայության միջոցով:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ առկա է որոշակի անհամապատասխանություն փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից ֆիզիկական անձանց անունով ներմուծվող՝ անձնական օգտագործման ապրանք հանդիսացող դեղերի ներմուծման՝ ԵԱՏՄ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներում: Ըստ «Դեղերի մասին» գործող օրենքի՝ ֆիզիկական անձն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս հնարավորություն ունի ներմուծելու դեղեր իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով՝ կառավարության սահմանած քանակներով, այնինչ հնարավորություն չունի փոխադրողի կամ միջազգային փոստային առաքումների միջոցով իր անունով անձնական օգտագործման նպատակով ներմուծելու դեղեր: Ըստ հեղինակի՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ նախաձեռնել «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի օրենքում՝ այն ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով պատգամավորների բարձրացված հարցերին, մասնավորապես խոսել է չլիցենզավորված դեղերի ներկրման մասին: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ ավելի վերահսկելի կդառնա դեղերի ներհոսքը: Բանախոսն առաջարկել է կողմ քվեարկել հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծին:




