
Շիրակի մարզում ինչպես են պատրաստվել դիմակայելու կորոնավիրուսին, եթե հանկարծ հայտնաբերվի։ Արդյոք Չինաստանից վերադարձած գյումրեցիների մոտ որևէ խնդիր եղել է, և ինչպես դիմակայել նախ է առաջ խուճապին։
Անցած շաբաթ Գյումրիում հակասական խոսակցություններ էին պտտվում, ոմանք ասում էին, թե Չինաստանից վերադարձած մեր համաքաղաքացիները հոսպիտալացվել են, բայց այդ մասին չեն բարձրաձայնում, ոմանք էլ կատակում էին թե կորոնավիրուսը Գյումրի մտնի խաշի, սխտորի ու օղու հոտից ինքնասպան կլինի։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ ամեն ինչ անձամբ է վերահսկում։ Զգուշանալ պետք է, բայց ոչ խուճապի մատնվել։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան. «Հենց առաջին ալիքից մենք ունեցանք Չինաստանից վերադարձողներ, գաղտնիք չէ, որ Չինաստանը նաև լավ աշխատաշուկա է մանավանդ լեզու իմացող մասնագետների համար։ Թղթաբանությունն իմ ձեռքի տակով է անցնում, շաբաթական 5-6 վերադարձողի ենք ընդունում, և որևէ խնդիր չենք ունեցել։ Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց տասնյակների է հասնում»։
Շիրակի մարզում արդյոք որևէ կասկածելի դեպք եղե՞լ է, թե՞ ոչ, փորձեցինք պարզել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։
«Ես հիմա ասում եմ, որ մենք կասկածելի դեպք չունենք։ Տեղամասային պոլիկլինիկաներն իրազեկված են, որ եթե լինի նման կասկածելի դեպք, այսինքն լինեն մարդիք, ովքեր եկել են անբարենպաստ երկրներից, կամ ունեցել են կոնտակտ մեկի հետ, որը եղել է օդանավակայանում, կամ որևէ զբոսաշրջիկ է կամ այլ երկրի քաղաքացի է, իրենք էլ համարվում են կոնտակտավորներ։ Նման դեպքերում իրենք դիմում են տեղամասային բժշկին, գանգատ լինելու դեպքում համարվում է կասկածելի դեպք»,– ասաց «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»–ի բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։
Գյումրին ունի նաև օդային դարպասներ, ինչպես են վերահսկվում, և չվերթներ կհետաձգվեն, թե ոչ։ Շիրակի մարզպետն է ասում է, որ ամեն ինչ վերահսկվում է զգուշություն պետք է, սակայն խուճապի ոչ մի առիթ չկա։




