
«ԱՅՈ»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թվականի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի միջեւ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
«Դե ինչ, ընկերներ, Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։ Սա ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ սիմվոլիկայով»,- գրել է Ալեքսանյանը։
Այսօր համացանցում ակտիվ քննարկումում էր Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի մրցույթում հաղթած եւ 3 մլն․ ստացած լոգոն: Օգտատերերը նշել են, որ այն շատ նման է 1991թ. ստեղծված մի լոգոյի:
Քննարկումներին հաջորդել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը: «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»,- գրել էր նա՝ հրապարակելով լոգոն։





