Հասարակություն

«Շրջանառության հարկի մասին» օրենքը անհանգստացնում է ոչ միայն մամուլին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Շրջանառության հարկի մասին» օրենքը ոչ միայն անհանգստացնում է մամուլին, այլեւ փոքր և միջին բիզնեսին: Նոր հարկատեսակը հսկայական վնասներ կարող է հասցնել և նույնիսկ կործանարար ազդեցություն ունենալ մի շարք թերթերի և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասել են «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ժողովուրդ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։ Անդրադառնալով օրենքի բովանդակությանը, հյուրերը նկատել են, որ իրազեկման կարիք ունեն նախևառաջ իրենք հարկայինի աշխատակիցները, քանի որ անգամ նրանք հստակ չեն պատկերացնում, թե որ կազմակերպությունը որ կետի ներքո է պետք է վճարի հարկերը:

Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքը նոր է զգացնել տալիս, թե ինչպիսի վնասներ կարող է հասցնել փոքր տպաքանակ ունեցող թերթերին և  փոքր ու միջին բիզնեսին: Նոր հարկատեսակը կարող է պարզապես կործանարար ազդեցություն ունենալ, այսօր լրագրողների հետ զրուցում ահազանգեցին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ժողովուրդ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։ Արմինե Օհանյանը նկատեց, որ դեռևս անցյալ տարի, երբ օրենքի նախագիծը դեռևս շրջանառության մեջ էր, մասնագետները զգուշացնում էին դրա հետևանքների մասին, սակայն ինչպես միշտ, եթե կառավարությունն իր առջև խնդիր է դնում, փորձում է իրականացնել այն ցանկացած գնով: Այսօր արդեն օրենքը գործում է և միայն թերթերին չէ, որ անհանգստացնում է:

Այս առումով օրենքից առանձնապես չեն տուժում «Առավոտ» օրաթերթն ու «Հայկական ժամանակ»-ը, նկատեց Արմինե Օհանյանը: Փոխարենը՝ «Հրապարակ» թերթը, որն ունի ընդամենը 3000 տպաքանակ, գովազդներ և կայք, ըստ էության հայտնվել է կրկնակի հարկման դաշտում և այս եռամսյակում արդեն իսկ վճարել է 600-700 հազար դրամի հարկ, ինչն արդեն իսկ հսկայական գումար է թերթի համար և կարող է պարզապես կործանարար ազդեցություն ունենալ, ասաց Հրապարակ թերթի գլխավոր խմբագիրը:  Թե ինչու են հատկապես փոքր տպաքանակ ունեցող թերթերը տուժում այս օրենքից, բացատրեց «Ժողովուրդ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Իսկ ամենազավեշտալին այն է, որ օրենքի ընունմանը զուգահեռ անգամ իրենք՝ հարկայինի աշխատակիցները, հստակ չեն պատկերացնում, թե որ կազմակերպությունը որ կետի ներքո պետք է վճարի հարկերը, նկատեց Արմինե Օհանյանը:

Լրագրողների հարցին, թե ինչ են պատրաստվում անել, Թագուհի Թովմասյանն ասաց, որ իրենք խնդրի մասին հրապարակային դաշտում բարձրաձայնել են, բացի այդ զրուցել են նաև մի քանի պատգամավորների հետ, որ օրենսդրական փոփոխություն նախաձեռնե եւ եթե ավելի լավ պայմաններ չստեղծեն իրենց համար, ապա գոնե այս ոլորտը թողնեն նախնական դիրքում: Ի վերջո, օրենքը ենթակա է նաև փոփոխությունների, նկատեցին թերթերի գլխավոր խմբագիրները:

Back to top button