
Առաքել Տոնոյան
«Ռադիոլուրի» համար
Երբ է շահագործման հանձնվելու Երևանի կրկեսը։ Հարց, որ հետաքրքրում է բոլորին և որի շուրջ կոնկրետ պատասխան չենք կարողանում ստանալ տարիներ շարունակ։ Երևանում այս տարի նշվելու է արդյոք Լեոնիդ Ենգիբարյանի 85-ամյակը և ինչ դերակատարում կունենա այդ գործում մոսկովյան կրկեսը։
Նոր կորոնավիրուսը ոչ միայն փոխում է աշխարհագրությունը, այլեւ փոխում է ծրագրեր, այդ թվում` մոսկովյան կրկեսի հայաստանյան հյուրախաղերի։ Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո-կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը խոստովանում է. կենդանիներ չեն բերի, բայց եւ վստահեցնում` դրանից չի տուժի կրկեսային ներկայացումը.
«Ունենք 4 համարներ կապված կենդանիների հետ, ընդ որում 4-ին էլ մասնակցում էին տարբեր կենդանիներ, բայց, քանի որ կորոնավիրուսի պատճառով ամբողջ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և արդեն Վրաստանում ու Հայաստանում կարանտին են մտցրել, մոտ մեկուկես ամիս, մենք դադարեցնում ենք կենդանիներով համարները, որը փոխարինելու ենք մարդկային գործոնով ՝ օրիգինալ համարներով։ Դա չի նշանակում սակայն, որ կրկեսի որակը ընկնելու է, պարզապես մոտակա մեկուկես ամիսը մարդկային գործոնն է աշխատելու»։
Մոսկովյան կրկեսի տնօրենի խոսքով` իրենք իրենց հետ բերել են այնպիսի ժանրեր, որոնք Հայաստանում վաղուց մոռացվել են։
«Երևան ենք բերել կրկեսային մոռացված ժանրերը։ Հիմքը դրել ենք էքստրեմալ, խմբակային համարների վրա, որը արդեն շատ վաղուց բացակայում է Հայաստանում»։

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով` մոսկովյան կրկեսի այցը Երևան պայմանավորված է նաեւ Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանով։ Այս տարի լրանում է աշխարհահռչակ ծաղրածուի 85-ամյակը։
«Ես գիտեմ, որ բոլորը սպասում են մեր նոր կրկեսի բացմանը, որպեսզի շատ չանհանգստանան, մենք որոշեցինք մի փոքր աշխուժացնել կրկեսային դաշտը։ Եվ հրավիրեցինք մի կրկես, որի ղեկավարը Սոֆյա Մինասյանն է։
Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ես լինելով մեծն Ենգիբարյանի աշակերտը տեսա, որ պետական ոչ մի բան չի նախատեսվում հոբելյանի հետ կապված։ Ռուսական տարբեր քաղաքներում, Հռոմում, որտեղ ես եմ հրավիրված, նրա ծնունդը նշվում է մեծ շուքով, սակայն մենք, ինչպես և անցյալ անգամ, լուռ ենք։ Հետո, երբ Սոֆյային առաջարկեցին ամսի 15-ին իրենց կրկեսի շրջանակներում նշել նաև Ենգիբարյանի 85 ամյակը, նրանք միանգամից համաձայնեցին և հիմա տարվում են աշխատանքներ»։
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը իր խոսքում անդրադառնում է նաև կրկեսի բացմանը։
«Կրկես կառուցելը հեշտ բան չի, Տաշիր գրուպը անում է ամեն ինչ մեզ աջակցելու համար։ Հիմա շատ արագ տեմպով կառուցվում է և ես հավատում եմ, որ շուտով բոլորս ուրախանալու առիթ կունենանք։ Վերջին տվյալներով բացումը նախատեսված է այս տարի մինչև նոյեմբեր ամիսը և մենք դրան ենք գնում»։
Երևանյան կրկեսի շինարարական աշխատանքները մեկնարկեցին, երբ 2011 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո որոշեցին նոր շենք կառուցել, և 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդվեց։




