ԿարևորՀասարակություն

Բալային համակարգն արդյունք չի տա․փորձագետ

Հունվարի 1-ից Հայաստանում գործում է ՃՈ տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետ տրվում է 9 բալ, որոնք սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվելու է մեքենա վարելու իրավունքից։ Թեև այսօրվա դրությամբ ավելի քան 300 վարորդ արդեն  զրկվել է վարորդական իրավունքից, պատճառը  բալային համակարգը չէ։

2020 թվականը մեկնարկեց վարորդների համար իսկապես բեկումնային փոփոխությամբ։ Օրենքի հեղինակները վստահ են, այն ինչ չէր հաջողվում գրպանին հարվածելով, բալային համակարգը կկարգավորի։

Բալային համակարգին անցնելու անհրաժեշտությունը բխում էր այսօրվա իրավիճակից, օրենսդրական փաթեթը մշակելը և գործողության մեջ դնելն արդեն դարձել էր օրվա պահանջ, նկատում են ոլորտի պատասխանատուները։ Բալային համակարգի առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն գարնանը, մինչ այդ սակայն, երթևեկության կանոնների խստացման այլ վիճակագրություն ունենք։ Այսօրվա դրությամբ  ավելի քան 300 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից։ Մի մասը զրկվել է առանց պետհամարանիշի մեքենա վարելու համար, մի մասը առանց թույլատվության հատուկ ձայնային ազդանշան տեղադրելու համար, իսկ գերակշռող մասը ոչ սթափ վիճակում վարելու։ Ավելի քան 70 վարորդի նկատմամբ էլ նյութեր են կազմվել և ուղարկվել դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։

Ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը ողջունում է այս մոտեցումը և նկատում, որ այսպես կոչված ակտիվ իրավախախտների նկատմամբ արդարացի մոտեցում է ցուցաբերվում։ Ինչ վերաբերում է բալային համակարգին, այնքան էլ արդյունավետ չի ու դժվար թե սպասված արդյունքն ունենանք, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Խաչատուրովը։

Արտակ Խաչատուրովը կարծում է՝ նախ, արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ է պետք սահմանել, հետո անցնել բալային համակարգին կամ երթևեկության կարգավորման այլ մեխանիզմների ներդրման։ Նրա կարծիքով՝ ՃՈ համակարգում շատ անելիքներ կան մինչեւ բալայինին անցնելը։

Բալային համակարգը ընդամենը թղթաբանությունն է ավելացրել, ուրիշ ոչինչ, ասում է զրուցակիցս։ Ավելի արդյունավետ է տեղում գործող վերահսկողությունը, որի արդյունքում ունենք վարորդական վկայականից զրկված վարորդներ։ Ինչ երաշխիքներ կան, որ տվյալ վարորդները այլևս չեն սպառնա հանրային անվտանգությանը։ Ի վերջո` առանց վարորդական իրավունքի էլ կարող են շարունակել մեքենա վարել, առավել ևս, երբ կորցնելու բան այլևս չունեն։

«Շատ լավ հարց եք, տալիս։ Ամենամեծ խնդրի առաջ հենց այդտեղ ենք կանգնում։ Զրկելուց հետո, եթե վարորդը շարունակում է ղեկին նստել, երկու խնդրի առաջ ենք կանգնում։ Նախ պետք է կարողանանք  հայտնաբերել այդ վարորդին։  Իսկ եթե Աստծո հրաշքով հայտնաբերվեց ու քրեական պատասխանատվության ենթարկվեց,  200.000 դրամ տուգանքով այդ պատմությունը կավարտվի ու վերջին հաշվով արդյունք չենք ունենա»։ 

Ի տարբերություն Արտակ Խաչատուրովի` ոլորտի պատասխանատուներն ավելի լավատեսորեն են տրամադրված։ Վստահ են` համակարգը արդյունք կտա։ Փորձը ցույց է տվել, որ վարորդների մեծամասնությունը խախտում է կատարում` գիտակցելով իր քայլի վտանգավորությունը, և անգամ բարձր տուգանքները նրանց չեն զսպում, նկատում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Ըստ ներդրված նոր համակարգի, յուրաքանչյուր վարորդ ունի 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն տուգանվում են, այլև իջեցվում են նրանց միավորները։ Եթե միավորները զրոյանան, վարորդական վկայականը 6 ամսով կասեցվում է։ Որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ 

Կարդացեք նաև

Back to top button