
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը: Նստաշրջանը տեղի ունեցավ՝ չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ:
Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ: Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը:
Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում:Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը»:




