
1988 թվականի փետրվարին Արցախում հրապարակային ցույցեր եւ երթեր էին, նաև զուգահեռ գումարվում էին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնց պահանջն էր՝ հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու օրակարգով:
32 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորները գրավոր պահանջեցին հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Փետրվարի 20-ի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը կայացրեց պատմական որոշում` «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին`խոր ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»: Նույն օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:
1988-ի փետրվարին արցախցին ուներ միայն մեկ նպատակ՝ միավորվել մայր հայրենիքին: Սակայն Բաքվի պատասխանը Սումգայիթն էր: Հայաշատ բնակավայրերում և նաև հենց Բաքվում ջարդեր կազմակերպվեցին: Մեզ պարտադրվեց պատերազմ:
Անցել է 32 տարի, շատ է արյուն հեղվել, և արդեն ակնհայտ է մի բան՝ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին, Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում:




