ԿարևորՔաղաքական

Փետրվարի 26-ին Արցախում կմեկնարկի նախընտրական քարոզչությունը

Մարտի 31-ի համապետական ընտրություններն Արցախում աննախադեպ են լինելու: Արցախցիները նույն օրն ընտրելու են և հանրապետության նախագահ, և խորհրդարան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է  ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները:

Արցախի խորհրդարանի 33 մանդատի համար 10 կուսակցություններն ու երկու դաշինքները ներկայացրել են ավելի քան 360 անուն: Նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու:

Արցախի նախագահի 14 թեկնածուների մի մասի անունը շրջանառվում էր վաղուց: Այդ շարքում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  դաշնակցության Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Առաջադրվածների շարքում կան անձիք, որոնք երբեւէ քաղաքականությամբ չեն զբաղվել, նույնիսկ մեզ, լրագրողներիս մի քանի օր պահանջվեց նրանց փոքր Արցախում հայտնաբերելու համար:

Երկու թեկնածուներ ընտրություններին պատրաստվում են դաշինքով, Մասիս Մայիլյանի «Նոր Արցախ»  դաշինքը ձևավորել  են «Վաղվա Արցախ», «Ինքնություն և միասնություն» կուսակցությունները և Արցախի ռամկավարները:

Մասիս Մայիլյանի շտաբի անդամ Գեղամ Բաղդասարյան ասում է, որ երեք կուսակցությունների կազմած դաշինքին օրեցօր նոր ուժեր են միանում, այդ թվում և կուսակցություններ և առանձին անհատներ: Այդ թվում նաև Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը:

Կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին՝ 62 հոգանոց ցուցակով: Գեղամ Բաղդասարյանը ձևավորվող համագործակցության, բայց առանձին ցուցակով  ընտրությունների գնալու մասին ասում է, որ մոտ ժամանակներս հուշագիր կստորագրվի:

Այսօր հրապարակված նախընտրական ցուցակներից պարզ դարձավ, որ «Նոր Արցախ» դաշինքի ցուցակը գլխավորում է  օրեր առաջ իր իսկ հիմնադրած «Վստահություն» կուսակցությունից հեռացած Գրիգորի Սահակյանը:

Արայիկ Հարությունյանը գլխավորում է  «Ազատ Հայրենիք- Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների նախընտրական ցուցակը: Որպես նախագահի թեկնածուի` նրան իրենց աջակցությունն են հայտնել Արցախում գործող մի շարք  փորձառու և նոր կուսակցություններ: Նախընտրական ցուցակը 65 հոգուց է բաղկացած:

Կուսակցությունն ամենաակտիվներից է, արդեն մի քանի հարյուր շտաբ է ձեւավորել, Արայիկ Հարությունյանը բազմաթիվ հանդիպումներ է անցկացնում: Կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն ասում է,  որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, և դա  նախընտրական քարոզչություն չէ:

Ապագա խորհրդարանում  համագործակցության հնարավոր շրջանակը բնականաբար ուրվագծում են նաև «Ազատ Հայրենիքում»: Սկզբունքները պետք է հստակեցվեն մի շարք հարցերի շուրջ` ասում է Վահրամ Պողոսյանը:

Ընտրություններն Արցախում մարտի 31-ին են: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է փետրվարի 26-ին:

Կարդացեք նաև

Back to top button