ԿարևորՀասարակություն

Կեսարյան հատումը՝ կյանք փրկող միջամտությո՞ւն, թե՞ քմահաճույք

ԱՀԿ-ն հրահանգում է չգերազանցել կեսարյան հատումների 10-15 տոկոսը: Հակառակ այս նախազգուշացումներին՝ կեսարյան հատումների թիվն աշխարհում աճում է: Հայաստանում ևս ցուցանիշները  90–ականների հետ համեմատ բավականին  բարձրացել են։ Որոշ երկրներում այս եղանակով ծնված երեխաներն արդեն ավելի շատ են, քան բնական ճանապարհով ծնվածները:  

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում,  Հայաստանում ևս  կեսարյան հատումների թիվն աճել է։ Եթե 90- ականներին  դրանց  թիվը կազմել է  3.3 տոկոս, ապա  2018–ին այն արդեն 32.5  տոկոսի  է հասել։  Տեղեկությունը ԱՆ  մայրական և վերարտադրողական  առողջության  պահպանման բաժնի պետ  Գայանե Ավագյանինն է։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ  կեսարյան հատումները չգերազանցեն  գոնե 20 տոկոսը։ Իսկ ինչու՞ են  աճում նման  ծննդաբերությունները։  Նախկինում կեսարյան հատումները կատարվել են  միայն  բժշկի բացարձակ ցուցումով՝  կնոջ կյանքը փրկելու համար։

«Ներկայում  կեսարյան հատումները կատարվում են ոչ միայն մոր ցուցումներով, որոնք շատ լայնացել են, այլ  նաև պտղի ցուցումներով։ Եվ այսօր  կարող ենք ասել, որ  շատացել են հատումները պտղի ցուցումներից ելնելով»,– ասում է Գայանե Ավագյանը։ 

Բժշկական ցուցում լինելու դեպքում կեսարյան հատումը կյանք փրկող  միջամտություն է համարվում։  Իսկ առանց ցուցումների ընտրովի կեսարյան հատումը ռիսկեր է պարունակում և՛ մոր, և՛ նորածնի համար, ասում է մասնագետը։  Կեսարյան հատումով  ծնված երեխաների մոտ հետագայում ավելի է մեծանում ալերգիաների, աղեստամոքսային խնդիրներով հիվանդանալու հաճախականությունը, ասում  է Գայանե Ավագյանը և հավելում՝ երբ երեխան ծնվում է  կեսարյանով, նա վերցնում է ոչ թե մոր այլ  շրջապատի միկրոֆլորան։ Ավելին, կեսարյան հատումով  ծնված երեխաներն  ավելի ուշ  են  ադապտացվում շրջապատին։

« Կեսարյան հատումը պետք է կատարվի միայն բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Հայաստանում կնոջ ցանկությամբ  կեսարյան հատումներ չանել։ Եվ երիտասարդ կանանց էլ եմ դիմում, եթե իրենք մտածում են, որ  կեսարյան հատումով ավելի առողջ երեխա կունենան , իրենք սխալվում են»,– ասում է Ավագյանը։  

Միջազգային բժշկական հանրությունը  պարզել է, որ  կեսարյան հատումների  համար լավագույն ցուցանիշը 10-15 տոկոսն է։  ԱՀԿ–ն  հորդորում է չգերազանցել  վիրահատությունների այդ տոկոսը։  Հայաստանում ցուցանիշը բարձր է։ Նախարարությունը  թիվը նվազեցնելու նպատակով բոլոր հիվանդանոցներում կեսարյան հատումներ կատարելու որոշակի սահման է դրել։ Այդ տոկոսը գերազանցելու  դեպքում  հիմնարկները  ֆինանսավորում չեն ստանում։

«Բժիշկը կեսարյան հատում անում  է, ստանում է այնքան, ինչքան բնական ծննդաբերության ժամանակ»։

Թե որ հիվանդանոցում են ամենաշատ կեսարյան հատումները կատարվել, ԱՆ ներկայացուցիչը նման տվյալների չէր տիրապետում։

Շենգավիթ ԲԿ–ում  2019 թվականին ծնված երկուսուկես հազար երեխաներից 800- ից ավելին լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։ Բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի  տեղակալ Ռուսադան Վարդանյանի խոսքով՝  իրենք չեն գերազանցել  սահմանաչափը։

«Դա այսօրվա դրությամբ երրորդ մակարդակի հիվանդանոցի համար  թույլատրելի տոկոս է, քանի որ երրորդ մակարդակի  ծննդատներ են  ընդունվում բոլոր բարդ, պաթոլոգիական խնդիրներով հղիությունները։  Մեր տիպի ծննդատների համար  կեսարյան հատումը թույլատրվում է լինի ավել, սակայն մենք  չենք  անցնում չափը»,– ասում է Վարդանյանը։

Բժշկական կենտրոնի մանկաբարձ–գինեկոլոգը «Ռադիոլուրի»  հետ զրույցում վստահեցնում է, որ  վիրահատությունները կատարվում են  խիստ բժշկական ցուցումով։ Սակայն կա նաև կանանց որոշակի  տոկոս, որ չեն ուզում զգալ ծննդաբերական ցավերը կամ շտապում են տեսնել երեխային։  

«Կան կանայք, որ չունեն բացարձակ ցուցում կեսարյան հատման, բայց  ունեն որոշակի ծանրաբեռնված առողջական պատմություն  և իրենք են պնդում, որ կատարվի կեսարյան հատում` չունենալով բացարձակ ցուցում»,– ասում է գինեկոլոգը։    

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը ևս հաստատում է, որ  կանանցից շատերը տարբեր նկատառումներով  իրենք են ընտրում ինչ  ճանապարհով ծննդաբերեն։  Հիմնականում հրաժարվում են բնական ուղիով երեխա ունենալուց` վախի պատճառով։  Սակայն մասնագետը վստահեցնում  է՝ դա այսօր լուծելի հարց է։ Ցավազրկման շատ միջոցներ կան և կինը կարող է ծննդաբերել առանց ցավի։ Կեսարյան հատումները կրճատելուն կարող են  նպաստել նաև  ծննդաբերող  կնոջն աջակցող անձինք։

«Եթե իր մայրը, քույրը   արդեն մի քանի ծնունդ ունեցել են, նրանք կարող են ասել, որ ծննդաբերությունը դա բնական  գործընթաց է, պետք չէ վախենալ, ցավից ես վախենում` կցավազրկեն։ Եվ այսօր հոգեբանական աջակցությունը շատ կարևոր է նման կանանց համար»։

Առողջապահության նախարարությունը  հորդորում է՝ հղիի համար ցանկալի մարդը նրա հետ ծննդաբերության ժամանակ գտնվի  մեկ սենյակում։ Հոգեբանական  աջակցությունը  կարևոր է  մայրացող յուրաքանչյուր կնոջ համար։  

Կարդացեք նաև

Back to top button