
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ Տրնդեզը: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ այսօր երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տոնի նախօրեին այրվածքաբաններն են հանդես եկել հորդորով՝ բարձր թռչեք։ Կրակի հետ անզգույշ շփումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։
Փետրվարի 13-ի երեկոյան կրակի հետ ենք շփվելու, Տյառնընդառաջի նախատոնակն է։ Տոնի նախօրեին Այրվածքաբանության ազգային կենտրոնը հանդես էր եկել ֆեյսբուքյան հայտարարությամբ՝ հորդորելով բարձր թռչել։ Արդյո՞ք Տյառնընդառաջին դեպքերն ավելանում են, ինչո՞վ է պայմանավորված Այրվածքաբանության կենտրոնի հայտարարության անհրաժեշտությունը։ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան կենտրոնի մարդկային ռեսուրսների պատասխանատու Զառա Թորգոմյանն ասաց․
«Անկեղծ ասած, դեպքերն այս օրերին չեն ավելանում։ Անցած տարի ընդամենը երեք հիվանդ է եղել, որ կոնկրետ նման դեպքով բերել են հիվանդանոց։ Իսկ հրապարակումը տեղեկատվական արշավի նպատակ ուներ․ մենք վերակառուցվում ենք, հիվանդանոցը լավացնում ենք, նոր սարքավորումներով ենք համալրվում։ Նպատակն այն էր, որ տեղեկատվությունը տարածվի և մարդիկ իմանան, որ ՀՀ–ում և Արցախում նման հիվանդանոց կա, որը ծառայում է բոլորին, այսինքն՝ մենք միակն ենք»։
Այդուհանդերձ, կենտրոնի հորդորն ուժի մեջ է՝ կրակից զգույշ լինել, բարձր թռչել, իսկ հորդորը շրջանցելու և անցանկալի իրավիճակում հայտնվելու դեպքում հիշել՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնն աշխատում է շուրջօրյա, բուժումն էլ անվճար է։
Վերադառնալով Տյառնընդառաջին․ Նոր Կտակարանի համաձայն՝ Հրեաստանում ավանդույթ գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տանում էին տաճար` ընծայաբերելու Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները ևս ավանդույթի համաձայն նրան տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով ծերունին ընդառաջ է գալիս մանկանը: Այստեղից էլ ծնվել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ: Տոնի հոգևոր խորհուրդը ներկայացնում է հայ եկեղեցու սպասավոր տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։
«Խորհուրդը հետևյալն է․ Աստված ինքը երկնքից խոնարհվեց, ընդառաջ եկավ մարդկանց, որոնք մոլորվել ու Աստծուց հեռացել էին։ Սիմոն ծերունին այդ օրն ինքն առաջինը դուրս եկավ Տիրոջն ընդառաջ»։
«Փառք քեզ, Աստված, քանզի աչքովս տեսա իմ փրկությունը և լույս բացվեց մարդկանց վրա, որոնք խավարի մեջ նստած էին»,-ընդառաջ գալով մանուկ Հիսուսին կանչում է Սիմեոն ծերունին:
Սրբազան ավանդության համաձայն՝ այդ պահին տաճարի արևելյան դռները դղրդյունով բացվում են, ու մարդիկ ճրագներով դուրս են վազում տներից` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նրանք գիտեին սուրբ գրային օրենքը` տաճարի արևելյան դռները կբացվեն միայն այն ժամանակ, երբ այնտեղ կմտնի ու այնտեղից դուրս կգա Տերը:
«Տեսեք, մեր եկեղեցիները արևելյան կողմից դուռ չունեն, մտնում ենք արևմտյան կողմից, նայում ենք դեպի արևելք՝ Տիրոջը։ Փետրվարի 13-ի երեկոյան եկեղեցում կատարվում է նախատոնակ։ Բոլոր տոներին նախորդող երեկոներին նախատոնակ է»։
Տեառնընդառաջը անշարժ տոն է և եկեղեցին այն նշում է ամեն տարի փետրվարի 14-ին, բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հայ եկեղեցին այս օրը հռչակել է նորապսակների օրհնության օր և իրականացնում է հատուկ կարգ: Բաբկեն քահանան հիշեցնում է, որ տոնը նշանվածներին չի վերաբերում: Այդ օրը եկեղեցում կատարվում է նաև մոմերի օրհնության կարգ:
Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերն ու տուն տանում, որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով վառվում է նաև Տեառնընդառաջի խարույկը, որը, ըստ քահանայի, իրականում որևէ առնչություն չունի Աստծո իրական լույսի և հոգևոր ճշմարտության հետ։
«Մեր ժողովուրդը էականը թողած, կրակների, աղի բլիթների, աչքի հուլունքների հետևից է ընկել։ Կրակը չպետք է շփոթել նյութական կրակի հետ, մեր սրտի, մեր հոգևոր կրակի մասին է խոսքը։ «Ես չեկա, որ խաղաղվեք, այլ կրակ գցեցի, որպեսզի դուք փնտրեք ճշմարտությունը»։
Իսկ հնում մեր նախնիները Տրնդեզի կրակը համարում էին սրբազան, հաջող ծննդաբերության համար կանայք այդ մոխիրը լցրել են ջրի մեջ ու խմեցրել հղի հարսին։ Տրնդեզի մոխիրը հաճախ պահել են կճուճների մեջ, որպեսզի առատություն լինի։ Այն շաղ են տվել հավաբներում՝ հավելի ձվատվությունն ավելացնելու, ինչպես նաև արտերում բերքը մկներից պաշտպանելու համար։




