ԿարևորՄիջազգային

Թալիշների մուտքն արգելված է․ հետընտրական կրքեր Ադրբեջանում

Փետրվարի  9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո լարվածությունը հարևան Ադրբեջանում՝ չի թուլանում։ Փետրվարի 11-ի ուշ երոկոյան բողոքի գործողություններ ու բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև։

Բաքվում պատգամավորության մի քանի չընտրված թեկնածուներ և նրանց աջակիցները հավաքվել են Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ հայտարարելով փետրվարի 9–ի ընտրությունների ժամանակ տեղ գտած աղաղակող կեղծիքների մասին և պահանջելով քվեաթերթիկների վերահաշվարկ։ Բողոքը նախաձեռնել է պատգամավորության թեկնածու Ռաբիյա Մամեդովան, նրան են միացել նաև «Մուսավաթ» կուսակցությունից Էլման Գուլիևը, ReAl կուսակցության նախկին առաջնորդներից Ազեր Ղազիմլին, NIDA–ի անցամ Թուրգութ Ղամբարը և մեծ թվով ակտիվիստներ։

ԿԸՀ նախագահը թեկնածուների հետ կարճատև հանդիպում է անցկացրել, խոստացել է ավելի ուշ մեկնաբանություն տրամադրել նրանց բարձրացրած հարցի վերաբերյալ և հորդորել ցրվել։ Թեկնածուներն ու նրանց աջակիցները, սակայն, հրաժարվել են հեռանալ։

Կեսգիշերին մոտ ԿԸՀ տարածք են բերվել ոստիկանական ուժեր, որոնք ցրել բողոքի գործողությունը։ Բիրտ ուժի կիրառման հետևանքով տուժել են ոչ միայն պատգամավորներ, այլև լրագրողներ, այդ թվում՝ Խադիջա Իսմայլովան, որը հայտնի է Ադրբեջանում խոսքի ազատության համար իր պայքարով։ Մեկ այլ լրագրող՝ Այնուր Էլգյունեշը գլխի հատվածում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Ոստիկանությունը միայն ուժ կիրառելով չի բավարարվել՝  ցուցարարներին լրագրողների հետ միասին կեսգիշերին ավտոբուսով տեղափոխել են Բաքվի արվարձան և մայրուղուց հեռու վայրում ազատ արձակել։

Ինչպես հայտնի է Ադրբեջանի կեղծված ընտրությունները չեն շրջանցել նաև տեղաբնիկների իրավունքները։ «Թալիշների ազգային խորհուրդը» խստորեն դատապարտել է հերթական կեղծված ընտրությունները և պահանջել չեղարկել արդյունքները: Խորհրդի հայտարարությունում նշված է, որ հարավային շրջանում, ինչպես և երկրի մյուս հատվածներում, չնայած բնակչության դժգոհություններին ու բողոքներին, խաբեությամբ ու բռնությամբ «ընտրվել են» մարդիկ, որոնք ոչ մի անգամ չեն բարձրացրել բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական, մշակութային, էթնիկ-ազգային խնդիրները: «Թալիշների ազգային խորհուրդը» ձևավորվել է անցած դեկտեմբերին և կազմված է  թալիշ մտավորականների և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներից:

Իրանագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արտյոմ Տոնոյանը, որը հետևում է ներադրբեջանական զարգացումներին, նշում է, որ  Ադրբեջանի նոր խորհրդարանում ազգային փոքրամասնություններն անգամ իշխանական թևը չեն ներկայացնում։

«Նրանք ընդհանրապես ներկայացված չեն նոր խորհրդարանում։ Անգամ նախկինում, որքան էլ որ զարմանալի էր, կար իշխանական թևը ներկայացնող պատգամավոր, որը բավականին մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն տեղաբնիկ ժողովուրդների, այլև առհասարակ ադրբեջանական հասարակությունում։ Խոսքը Վահիդ Ահմադովի մասին է։ Ընդհանուր առմամբ՝ տեղաբնիկ ժողովուրդները նոր խորհրդարանում ներկայացված չեն։ Հատկապես հարավային՝ թալիշաբնակ շրջանները աչքի են ընկել լուրջ ընտրախախտումներով, մարդկանց ծեծերի դեպքերով, անգամ փորձ են արել ընտևատեղամասերից մեկում դիտորդի խեղդել, և տեսանյութը կա համացանցում»,- նշում է Տոնոյանը՝ փաստելով, որ լուրջ դժգոհություն կա թալիշների շրջանում։ Նրա խոսքով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կային լուրջ թեկնածուներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսում էին տեղաբնիկների իրավունքների մասին ու մատնանշում խնդիրները, որոնց մասին պատրաստվում էին բարձրաձայնել՝ ընտրվելու դեպքում»։

Այս զարգացումների ֆոնին ադրբեջանական ընդդիմությունը, որը այդպես էլ չի հաշտվում ընտրությունների արդյունքների հետ, ծրագրել է փետրվարի 16-ին բողոքի հանրահավաք անցկացնել: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին տեղեկացրել է, որ  հանրահավաք անցկացնելու համար մի քանի կուսակցությունների և անկախ թեկնածուների հետ միասին արդեն դիմել են Բաքվի քաղաքապետարան:

Արտյոմ Տոնոյանը թերահավատ է ադրբեջանական ընդդիմության միավորվելո կարողության հարցում․ խորքային խնդիրներ կան Ադրբեջանում գործող ընդդիմադիր ուժերի մեջ։

«Չեմ կարծում, որ կկարողանան հասնել ինչ-որ շոշափելի արդյունքի։ Մանավնդ որ նախընտրական շրջանում էլ չկարողացան համաձայնության հասնել։ Խոսքը ամբողջ ընդդիմադիր կազմով ընտրությունները բոյկոտելու մասին էր, սակայն որոշ կուսակցություններ, այնուամենայնիվ, մասնակցեցին դրանց։ Հասարակության շրջանում նաև կա անվստահության մթնոլորտ որոշ ընդդիմադիր ուժերի նկատմամբ»,-նշում է փոևձագետը։

Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ընտրություններից դժգոհությունը ոչ միայն ներադրբեջանական է։  ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունն ընտրությունների փետրվարի 10-ին  հայտարարել էր, որ  ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին և չեն արտացոլում մարդկանց ազատ կամարտահայտությունը:

Մինչդեռ ՌԴ-ն ողջունել է  Ադրբեջանի ընտրությունները և քննադատել եվրոպական դիտորդական առաքելության գնահատականը՝ այն անվանելով կողմնակալ։ Եվրոպական դիտորդների գնահատականը կողմնակալ է համարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Կարդացեք նաև

Back to top button