Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ծիծեռնակաբերդի բարձունքում մեր զրույցներից ընդհանրացնելով առանձնացնենք այն կարծիքը, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը չպետք է կենտրոնանան միայն 2015 թ-ի վրա, իսկ պայքարը պետք է լինի հանուն և ոչ թե ընդդեմ սկզբունքով. պայքար մարդու իրավունքների համար, որպեսզի նման հանցագործություններ երբեք չկրկնվեն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ ասաց, որ Թուրքիայի ղեկավարության այսօրվա քաղաքականությունը լավատեսություն չի ներշնչում, որ այդ երկիրը բաց աչքերով կնայի արդարության դեմքին: Շարմազանովը միաժամանակ նկատեց, որ 10-15 տարի առաջ Թուրքիայում ընդհանրապես չէին խոսում Ցեղասպանության մասին, իսկ այսօր խոսում են` մտավորականները հարցը շոշափում են:
Ուշ, թե՝ շուտ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. չեն կարող անվերջ ստել ու կեղծել, այս համոզմունքով իր խոսքը եզրափակեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի նախագահը Դեր Զորում իր պատմական ելույթի ժամանակ շատ հստակ ներկայացրեց Հայաստանի պահանջները` հարցադրում ձեւակերպելով, թե երբ է գալու «հայկական Նյուրենբերգը»: Ուշ, թե՝ շուտ այդ օրը գալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է էլ առավել ամրապնդել հայոց պետականությունը։
«100-րդ տարելիցին ընդառաջ, մենք պետք է բացի ճանաչումից նաև հատուցում պահանջենք»,- այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա պատմեց, որ Ծիծեռնակաբերդ բարձրանալիս մի քանի թուրք մտավորականի է հանդիպել։
«Նրանք Ծիծեռնակաբերդ էին բարձրանում ներողություն խնդրելու նպատակով: Այսօր Թուրքիայում կան մտավորականներ, ովքեր մի շարք միջոցառումներ կանցկացնեն այսօր և ներողություն կխնդրեն հայերից։ Սա ինձ հուսադրում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թե մեզ համար անչափ կարեւոր է հասկանալ Ցեղասպանության դասերը, որպեսզի նման ոճրագործություն երբեք չկրկնվի։
Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, երբ խոսում են արդարությունից, այստեղ նաև միջազգային հանրությունը խնդիրներ ունի, «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց մեր երկրի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
Թովմասյանի խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ինչ-որ բանի սկիզբ կամ վերջ չէ, այլ պայքար է արդարության համար, և սա միայն հայ ժողովրդի պայքարը չէ:
Նա անընդունելի համարեց միջազգային պրակտիկայում դեռևս գոյություն ունեցող երևույթը, երբ Ցեղասպանությունը շահարկման առարկա կամ հարաբերությունները այլ երկրի հետ կարգավորելու խաղաքարտ են դարձնում։
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ մի նպատակի համար ժողովուրդը կարող է 100 և ավելի տարիներ պայքարել ու արդյունքի չհասնել. «Մի օր մենք հասնելու ենք արդյունքի, և այդ արդյունքը որքան հայ ժողովրդին է պետք, այնքան ավելի պետք է ողջ մարդկությանը»,- այս շեշտադրմամբ իր խոսքն ավարտեց մեր երկրի արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
Չկա ու չի կարող լինել ոչ մի արդարացում, ինչ էլ որ հորինեն պատմաբաններն ու քաղաքական գործիչները, Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ մի օր պատմությունը վերջ կդնի Թուրքիայի համար այդ անփառունակ իրադարձություններին` կարծիք հայտնելով, որ կգա ժամանակը, երբ կտրվի Ցեղասպանության իրական գնահատականը:
Մենք միշտ հիշելու եւ փոխանցելու ենք Ռուսաստանում այն մարդկանց, ովքեր դեռեւս լավ չգիտեն այդ էջը, եզրափակեց ՌԴ դեսպանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Պետական դումն Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականի ապրիլի 14-ի։
Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում է նաեւ Իտալիան: «Ամեն տարի այս օրը ես հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` կիսելով հայերի վիշտը»,- տեղեկացրեց մեր երկրում Իտալիայի դեսպանը: Բրունո Սկապինին «Ռադիոլուրից հետ զրույցում շեշտեց, որ ժողովրդավարացման և համամարդկային արժեքների գնահատման ճանապարհով գնալու համար Թուրքիան նախ պարտավոր է ընդունել գործած ոճրագործությունը: